Եկեղեցու և բնության միաձուլումը․ այս գեղեցկությունը տեսնել է պետք

Սամսոն վանքը հիմնադրվել է 12-13-րդ դարերում և գտնվում է Տավուշի մարզի Սամսոն գետի ձախ ափին գտնվող անտառապատ հովտում։ Համալիրը բաղկացած է եղել երկու եկեղեցուց, մատուռից, գերեզմանատնից, բնակելի ու տնտեսական նշանակության օժանդակ շինություններից, որոնցից միայն ավերակներ են մնացել։

Վանքի գլխավոր եկեղեցին սրբատաշ ավազաքարից կառուցված գմբեթավոր կառույց էր։ Եկեղեցու արևելյան թևն ունի կիսաշրջանաձև աբսիդ՝ խորանի ցածր հիմքով։

Եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է։ Առանձնակի ուշադրություն է գրավում գմբեթի թմբուկը՝ ներսից այն ունի կլոր տեսք, իսկ դրսից՝ ութանիստ, որի եզրերը զարդարված են փոքր կիսասյուներով։ Համալիրի երկրորդ եկեղեցին կից էր գլխավոր եկեղեցու հարավային պատին։ Եկեղեցուց պահպանվել են միայն նրա արևելյան թևը և պարիսպների ստորին շարքերը։

Համալիրի հյուսիսային մասում գտնվող մատուռն ուներ կամարակապ առաստաղ՝ զարդարված որմնանկարներով։ Այժմ շենքը կիսավեր վիճակում է։ Նրա արևմտյան պատին կան նվիրաբերական անձնական արձանագրություններ, բայց առանց թվերի։