Ո՞վ է եղել ԷՎԵՐԵՍՏԻ գագաթ բարձրացած առաջին ՀԱՅՈՒՀԻՆ. սա պետք է իմանալ

«Բոլորս էլ ունենում ենք մեր կյանքի Էվերեստը․ դնում ենք նպատակ ու հասնում ենք դրան»։

Իռենա Խառազովա

8848 մետր բարձրություն հաղթահարած Իռենան հպարտությամբ է պատմում իր անցած ճանապարհի, ընթացքում ունեցած բազմաթիվ վախերի ու հաղթահարած դժվարությունների մասին։

«Լեռնագնացության մեջ ամեն մեկն իր մոտիվացիան ունի․ մեկը գնում է գեղեցկության համար, մյուսը գնում է արշավային կյանքի նկատմամբ սեր զգալով։ Կոնկրետ ես գնում եմ մասնավորապես նպատակի համար, որովհետև հաղթանակի զգացումը ամենահիանալի զգացումն է», — նշում է լեռնագնացը։

Պատմելով Էվերեստի վերելքի մասին՝ Իռենան ընդգծում էր, որ այդ ամբողջ 45 օրը, որ իրենք բարձրացել են լեռը, վախի մեջ է եղել․

«Իմ մոտ ամեն դեպքում այդպես էր․ ամբողջ ընթացքում զրույցներ են մահվան մասին, մի պահ խելագարվում ես, մի պահ գովում ես ինքդ քեզ, հետո դիակների ես հանդիպում ու մտածում ես, թե ինչպես են մահացել այդ մարդիկ։ Դու անընդհատ գտնվում ես այդ մթնոլորտում։ Խոսում ես հարազատներիդ հետ, նրանք ինչ-որ սրճարանում նստած են, իսկ դու այստեղ ես։ Մտածում ես՝ ինչի՞դ էր պետք սա»։

«Դու քեզ անիծում ես ամեն րոպե, որ  գտնվում ես այնտեղ, ասում ես՝ ինչի՞դ էր պետք, մնայիր տանը։ Ամբողջ խնդիրն այն է, որ դու չգիտես, թե ինչպես նման բարձրության վրա կդրսևորի ուղեղդ։ Ես երբեք վերևներում գեղեցկությամբ չեմ հիանում, որովհետև դա վերջին բանն է, որ կարող է ինձ այդ պահին հուզել, քանի որ ինձ շատ վատ եմ զգում»։

Երբեմն մարդիկ նպատակ են դնում բարձրանալ ոչ թե գագաթ, այլ մինչև որոշակի բարձրություն։ 4-րդ՝ ամենավերջին փուլը կարող են բարձրանալ միայն նրանք, ովքեր վստահ են իրենց ուժերի վրա, քանի որ նման բարձրության վրա ոչ ոք ոչ ոքի չի կարող օգնել, անգամ եթե մահանաս, այնտեղից քեզ չեն իջեցնի։

Իռենան նշում է, որ իրեն հաջողվել է բարձրանալ Էվերեստը, մեծ մասամբ նաև իրենց խմբի ղեկավար Ալեքսանդր Աբրամովի շնորհիվ է։ Նա պատմում է, որ բազմիցս վախեր է ունեցել, սակայն խմբի ղեկավարը կարողացել է մոտիվացնել նրանց շարունակել քայլել։ Իռենան նշեց, որ Ա․ Աբրամովն իրենց հրահանգել էր գագաթ հասնելուն պես արագ իջնեն 7000 մետրից ներքև, քանի որ եթե մնան հանգստանալու, հնարավոր է՝ այլևս չկարողնան վեր կենալ ու շարունակել։ Շատ մարդիկ, պատմում է Իռենան, նախկինում հենց այդպես են մահացել։ Դրա համար էլ խումբը, հասնելով գագաթ, իրար շնորհավորելուց ու նկարվելուց հետո, անմիջապես սկսել է իջնել։