Լեգենդար մարշալի և եպհ համալսարանականների հանդիպումն ու Բաղրամյանի պատմությունը մեծ զորավարի մասին

1968թ. Երևանի պետհամալսարանում տեղի էր ունենում ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հանդիպումը ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Այն հարցին, թե մարշալը երբևիցե հանդիպե՞լ է զորավար Անդրանիկին, նա պատմեց հետևյալը.

1918թ. մարտին Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ մեր ջոկատը կանգ առավ կարճատև հանգստի։ Էրզրումից նահանջում էր Զորավար Անդրանիկը ավելի քան 15000 գաղթականներով։ Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին։ Զորավարը խոժոռ հայացքով նայեց ինձ ու ապտակեց.

-Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում։ Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով։ Գնա կարգի բեր քո էսկադրոնը։

Ցավալի էր, 1918թ. գարնանը ամենուրեք կարելի էր լսել «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է մենք ինչքան կռվեցինք» նախադասությունը։

Բաղրամյանի խոսքերով զորավարի ապտակը նրան մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ։  

Նշենք որ Բաղրամյանը 1955 թվականին նշանակվել էր ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացել Խորհրդային Միության Մարշալի կոչում։ Նա նաև ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր Շտաբի ռազմական ակադեմիայի պետն էր և ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը։ ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով` Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 2 շքանշանով և Կուտուզովի շքանշանով։

Հովհաննես Բաղրամյանի անունով 1997 թվականին ՀՀ-ում հիմնված է մեդալ, որով պարգևատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները։