ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ. ի՞նչ առանձահատուկ նշանակություն է ունեցել ՀԱՅԱՍՏԱՆԻ հնագույն վանքը

Հայաստանի հրաշքները բազմազան են ու յուրահատուկ իրենց պատմությամբ: Ահա այս հոդվածում Ձեզ համար առանձնացրել ենք Հայաստանի հնագույն վանքերից մեկի մասին:

  • Ամարաս

4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչն Ամարասում հիմնել է վանք, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ Ամարասը գավառի ոչ միայն հոգևոր (եպիսկոպոսանիստ), այլև մշակութային ու տնտեսական կարևոր կենտրոնն էր։

5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է Արցախի 1-ին դպրոցը։ Արաբական տիրապետության շրջանում վանքը մի քանի անգամ ենթարկվել է ասպատակության` գավառով հանդերձ, և ժողովուրդը Առանշահիկ իշխաններ Սահլ Սմբատյանի, ապա Եսայի Աբու-Մուսեի գլխավորությամբ ջախջախել է ասպատակիչներին։ Վանքը ներփակված էր պարիսպներով և վտանգների դեպքում դառնում էր բերդամրոց, որտեղ պատսպարված ժողովուրդը դիմակայում էր թշնամուն։

Այդ պատճառով Ամարասի վանքը բազմիցս ենթարկվել է ավերածության թուրք-սելջուկների և թաթար-մոնղոլների կողմից, սակայն միշտ էլ արագորեն վերականգնվել ու շենացել է։

Այս հիմքի վրա ստեղծվել է նույնիսկ ժողովրդական մի հայտնի ավանդություն, ըստ որի հերթական բռնավորը հիմնահատակ կործանում էր գյուղաքաղաքը և որպեսզի վանքն այլևս չվերականգնվի, իր զորքը շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը` զինվորները վանքի քարերն իրար տալով` թափում էին գետը։

Սակայն ամեն անգամ, երբ ասպատակիչները հեռանում էին գավառի սահմաններից, վանքը իր նախկին շուքով վերստին կանգնում էր ավանդական տեղում։ Ամարասի վանքն ամենածանր ավերածության ու թալանի է ենթարկվել 13-րդ դարի վերջին, մոնղոլական Աբաղա խանի հրոսակների կողմից։ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, 14-րդ դարի վերջին, Ամարասը խիստ ավերվեց, բայց վանքը չկորցրեց եպիսկոպոսական աթոռը։

Այնտեղ անընդմեջ գործում էր դպրոցը, ստեղծվում էին թանկարժեք ձեռագրեր, որոնցից շատերը հասել են մեզ։ Վանքի մայր եկեղեցին կառուցված է Շուշիի քարհանքի բաց մոխրագույն սրբատաշ որձաքարով։ Տաճարի սրահի երկարությունը 23մ է, լայնությունը` 13,33մ։ Պահպանվել են պարիսպները, ինչպես նաև վանքի օժանդակ շինությունների մեծ մասը։

Ամարասում հայտնաբերված խաչքարը, իր վրա քանդակած արձանագրությամբ, թվագրվում է 925թ. Այսպիսով, այդ խաչքարը դասվում է թվագրված կոթողներից հնագույնների շարքին: