Հայկական Փիփ գյուղի հարստությունը․ որտե՞ղ է այն գտնվում և ի՞նչ վիճակում է

Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Փիփ գյուղում։ Փիփը, որը նաև հայտնի է Փիբ, Զագլիկ, Զաեյլիկ անվանումներով, գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում։
Մինչև 1988-1989 թվականների հայերի բռնագաղթը եղել է տարածաշրջանի ամենահայաշատ գյուղը։
Ժողովրդական ավանդության համաձայն՝ Փիփ անունը ծագում է քրիստոնյա Փեփրոնյա (Փեբրոնյա) կույսի անունից, ով նահատակվել և ամփոփվել է գյուղի համանուն եկեղեցում։

Եկեղեցու կառուցման սկիզբը հայտնի չէ, բայց կառուցումը ավարտվել է 1849 թվականին։ Իսկ փոքրիկ զանգակատունը կառուցվել է ավելի շուտ՝ 1847 թվականին ժողովրդի և տփխեսցի Ստեփան Միրիմյանցի ջանքերով։ Այս եկեղեցում է պահվել չորս ձեռագիր ավետարան, որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է։

1862 թվականին եկեղեցին նորոգվել է և գործել մինչև 1928 թվականը ու Խորհրդային իշխանության կողմից անվերադարձ փակվել։

Ներկայումս Ադրբեջանի իշխանությունները այն համարում են «իրենց նախնիների կառուցած ալբանական եկեղեցի», բայց այն վերածել են անասնագոմի։