Ամենայն հայոց որբերի հայրը

Բանաստեղծն ապրում էր իր ժողովրդի համար բարդ ու դաժան ժամանակներում և ամբողջովին կիսում էր հային բաժին հասած յուրաքանչյուր դառնություն: Նրա չորս որդիներն էլ զինվորներ էին, չորս դուստրերն էլ՝ գթության քույրեր:

Սրա լավագույն ապացույցը Անդրանիկին ուղղված Թումանյանի նամակն է, որտեղ նա հայտնում է, որ պատրաստ է նվիրաբերելու ամենակարևորը, ինչ ունի կյանքում.

«Սիրելի՛ Անդրանիկ, ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի։ Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Երկրի կառավարության Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկներս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն»:

Կովկասյան ռազմաճակատի անմարդկային տեսարանները դեռ աչքի առջև, ծանր ապրումների մեջ, կես մարդ դարձած Թումանյանը հասնում է Թիֆլիս, որտեղ բժիշկները նրան խորհուրդ են տալիս անմիջապես մեկնել որևէ առողջարան կազդուրվելու: Առողջարանի գումար նա չուներ և այդ պատճառով ընկերոջ խորհրդով գնում է Թաբախմելա ամառանոց, որտեղ հույս ուներ մի փոքր հանգստանալու և ավարտին հասցնելու իր աշխատանքները, ինչը չհաջողվեց անել, քանի որ ընդամենը երկու-երեք օր անց վրա հասավ Եղեռնի և ավերիչ գաղթի գույժը:

Վատառողջ բանաստեղծը մեկ վայրկյան անգամ չտատանվեց, անմիջապես վերադարձավ Թիֆլիս: Անասելի ցավը՝ հոգում Թումանյանն առանց րոպե անգամ կորցնելու Թիֆլիսից շտապում է Էջմիածին, որտեղ հավաքել էին հազարավոր գաղթականներ՝ հատկապես որբեր՝ տարբեր տարիքի:

Ժամանակակիցների վկայությամբ, այդ հավաքատեղին իրական դժոխքն էր երկրի վրա: Այդ օրերին որբերի կողքին էր միայն Թումանյանը: Անտեսելով բոլոր հնարավոր վտանգները՝ նա բերել էր նաև դստերը՝ Նվարդին: Էջմիածնի հավաքատեղին այդ ժամանակ ոչ միայն դժոխք էր, այլ մահ էր բառի լայն իմաստով: Տասնյակ հիվանդություններ, դրանցից ամեն վայրկյան մահացող որբեր և բուժքույրեր. սակայն Թումանյանի համար սեփական երեխայի կյանքն անգամ անկարևոր էր, երբ հայրենակիցների լինելիության հարցն էր դրված: Կարճ ժամանակ անց նա դառնում է «ամենայն հայոց հայրիկ» բոլոր որբերի համար: Այդպես կոչեցին նրան հենց որբերը:

Էջմիածնում, Ալեքսանդրապոլում, Երեւանում, Բաքվում, Դիլիջանում, Թբիլիսիում բացվել էին մանկատներ, եւ դրանք բոլորը հաշվետու էին նրան, դրանց բոլորի հետ կապ էր պահպանում Թումանյանը: