«Պապաս մեզ համբուրեց, խոստացավ, որ շուտ կգա: Ու էդպես էլ չեկավ»,- հերոսի որդու պատմությունը

Գեղամի սիրելի խաղալիքը հրացանն է: Կրակում է ամբողջ օրը: Թվացյալ թշնամու դերում էլ փոքր եղբայրն է՝ հնգամյա Էրիկը:

Եղբայրներն անգիր գիտեն հերոս հայրիկի անկյունում դրված բոլոր իրերի պատմությունը. մեդալներից որը ինչի համար է ստացել նա. «Էս մեդալը պապայիս տվել են, որ ինքը կռվելա, որպես հերոս։ Էս մյուսը Ղարաբաղում են տվել, էլի որպես հերոս»,–  պատմում է Գեղամը։ Հետո ցույց է տալիս, թե  թշնամու հետ ինչպես է կռվել իր հայրը։ Հոր վերջին բառերն էլ անգիր գիտեն. «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:

Գեղամը, արդեն իր հոր`Հովսեփի Կիրակոսյանի անունը կրող դպրոցում ընկերներին պատմում է հոր քաջության մասին: «Ես, մամաս  ու Էրիկը կրակրոցների, պայթյունների տակ  նստեցինք մի մեքենա, որը վարում էր պապայիս ընկերոջ կինը, ու ինքը էդքան էլ լավ չէր կարողանում քշեր։ Բայց մենք հասանք ուրիշ գյուղ, որտեղ կրակոց չկար»,–  պատմում է Գեղամը` չթաքցնելով, որ ճանապարհին և՛ գոռացել են վախից, և՛ լացել։ Պատմում է, թե ինչպես  հայրիկն այլևս  չպատասխանեց իրենց  զանգերին:

 «Պապաս մեզ համբուրեց, խոստացավ,  որ շուտ կգա: Ու էդպես էլ չեկավ»,- ասում է Գեղամը:  Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը Մատաղիսի ինժեներա-սակրավորային վաշտի (ԻՍՎ) հրամանատարն էր: Ապրիլի  1-ի գիշերը, թշնամու հարձակման լուրը լսելով, երեխանին ու կնոջը թողնելով տանը,  վազել էր զորամաս՝ զինվորների մոտ: Իր 25 տղաներին (այդպես էր ասում իր զինվորներին) տեղափոխելուց հետո շտապել էր ընկերներին օգնության: Հակառակորդի հետ ծանր ու դժվար մարտում վիրավորվել էր. մինչև վերջին պահը ընկերների կողքին էր եղել. անգամ արնաքամ լինելով՝ նրանց հորդորել է. «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»: