ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ինչպիսի՞ տեսք ունի այսօր ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԻՆ ԹԱՂԱՄԱՍԸ

Կոնդը 18-րդ դարի վկայությունն է մեր օրերում։ Չնայած նրան, որ այստեղ կոմունալ հարմարավետություններ չկան, կյանքն այստեղ չի լռում ու շարունակում է առաջ գնալ:

Կոնդը հին թաղամաս է Երևանի արևելյան բարձրադիր մասում։  Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։

Այն իր անվանումն ստացել է բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Արդեն պարսից տիրապետության ժամանակ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որն էլ Կոնդ բառի թարգմանությունն է։

Հին Երևանի բարձրադիր թաղամասն այսօր մի քիչ մշակութային խառնարանի է նմանվել՝մի կողմից նեղ ու խորդուբորդ ճամփաներ, մեկ կամ երկու հարկանի տներ՝ խարխլված տանիքներով կամ անտանիք:

Կոնդի պատմամշակութային արժեքի մասին բարձրաձայնել են մեծաթիվ պատմաբաններ ու ճարտարագետներ, ասում են՝ Կոնդն ամենահինն ու, որպես այդպիսին, միակ թաղամասն է, որը մեծապես պահպանել է իր վաղեմի տեսքն ու այժմ պատմական նշանակություն ունի։

Այդուհանդեձ պաշտոնապես այն երեք պատմական հուշարձան ունի, որոնցից ամենահայտնին սուրբ Հովհաննես եկեղեցին է։ Սակայն առավել խորը շրջայցի դեպքում կարող ես հայտնաբերել, որ տներից մեկի նկուղում՝ պատերին պահպանվել են հին պարսկական նկարազարդումներ։

Դեռևս 1930-ականներին, երբ Կոնդում շինարարական աշխատանքներ սկսվեցին, Կոզեռն գերեզմանատան տեղում հայտնաբերվեցին վաղ քրիստոնեական դամբարաններ։ Խորհրդային տարիներին հայտնաբերվեցին նաև Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի մետաղադրամներ, հին շրջանի թաղումների հետքեր, ծիսական իրերի մնացորդներ։

«Երևանը հին ժամանակներից բաժանված է եղել երեք թաղի՝ Հին Թաղ, Կոնդ և Քարահանք… Կոնդը բռնել է քաղաքի արևմտյան վերին բարձր մասը: Այդ թաղը մեծացել և ընդարձակվել է, երբ այդտեղ, 1724-1725 թվականներին, բնակություն են հաստատել նստակյաց դարձած հարյուր տուն հայ բոշաները, այդտեղ բնակվել են եւ հայ մելիքները»։

1920-ականներին Կոնդին նոր շունչ տալու գործը հանձն առավ ճարտարապետ Թամանյանը, վերջիս նախաձեռնեց թաղամասի հատակագիծը։ Բացի Թամանյանից,  բազմաթիվ ճարտարապետներ նույնպես ներկայացրեցին Կոնդի վերակառուցման իրենց տեսլականը։