Դարի կողոպուտը։ Ինչպե՞ս թշնամին տիրացավ հայերի ունեցվածքին

Հայոց ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկը հայերի մեծ ունեցվածքին տիրանալն էր: Հայերը միշտ խնայասեր են եղել, դարեդար հավաքել են, կուտակել թոռների համար, բացի դրանից, միայն ոսկով ու փողով էր հնարավոր ամբարտավան թուրքի ձեռքը բռնել: Իսկ պատերազմում պարտություն կրած Թուրքիային օդ ու ջրի պես պետք էր այդ ահռելի հարստությունը:

20-րդ դարի սկզբին հրատարակվող թուրքական «Ալեմտար» թերթի խմբագիր Րեֆի Ջևադ բեյն ասել է, որ իր համոզմամբ՝ հայերի նկատմամբ թուրքերի ատելությունը ոչ քաղաքական է, ոչ էլ կրոնական, այլ միայն տնտեսական:

«Ես 1915-ից հետո շրջեցի Թուրքիայով և չգտա թուրքական մի տուն, ուր չլիներ հայկական կահ կարասի, գորգեր, ունեցվածք»,-գրել է թուրք խմբագիրը:

Այդպես է նաև այսօր: Թուրք խմբագրի կարծիքը լիովին կիսում է Մատենադարանի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանն, ով 7 տարի շարունակ հայկական, թուրքական և օտար աղբյուրներում ուսումնասիրել է 1914-23 թթ-ներին Օսմանյան կայսրությունում հայերի ունեզրկման դեպքերն ու փաստերը։ Տարիների ուսումնասիրությունից հետո գիտաշխատողը փաստում է՝ հայոց ցեղասպանության առաջնային նպատակներից մեկը հայերի հարստությունը խլելն էր, որովհետև 1-ին համաշխարհային պատերազմից առաջ հայերը` թե՛ որպես արհեստավորներ, թե՛ որպես դրամատերեր, ազդեցիկ կշիռ ունեին Օսմանյան տնտեսության համար: