Լսե՞լ եք Հայաստանում գտնվող Քոբայրի վանքի մասին. գիտե՞ք ՝ ինչով է պայմանավորված հուշարձանների մի մասի վրա վրացերեն արձանագրությունների առկայությունը
Լոռվա մարզի Քոբայր գյուղի մոտ է գտնվում Քոբայրի վանքը կամ Քոբայրավանքը: Այս միջնադարյան հայկական վանքը Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր:

Մատենագրական հիշատակություններից պարզ է դառնում, որ Քոբայրի վանական համալիրի (որպես մենաստանի) կառույցների ընդարձակումը սկսվում 12-րդ դարի վերջից 13-րդ դարի սկզբին, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին:
XII դարի կեսերին Քոբայրը Կյուրիկյաններից արդեն անցել էր Զաքարյաններին` միաբնակ հաստատությունից վերածվելով քաղկեդոնականի (վրացադավան): Դրանով է պայմանավորված հուշարձանների մի մասի վրա վրացերեն արձանագրությունների, վրացաոճության եզրեր ունեցող հարդարանքի տարրերի առկայությունը:
Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները։ Դրանք բոլորն էլ այսօր կիսավեր վիճակում են։
Իսկ որտեղի՞ց է ծագել վանքի անունը:
Անվան ծագումը կապվում է վրացերեն` քոբ բառի հետ, որը նշանակում է այր, քարանձավ։ Ժայռեղեն խոր կիրճի գեղանկարն բնության հետ հուշարձանների ներդաշնակ զուգակցումը վանքի համայնապատկերը դարձնում է բացառիկ տպավորիչ։


Քոբայրի վանքի շինությունների ճարտարապետական հարդարանքում նկատվումէ վրացական ճարտարապետության ազդեցությունը, իսկ դա բացատրվում է նրանով, որ այն անցել էր Զաքարյանների տոհմի վրացադավան ներկայացուցիչներին: Վրացական ազդեցության ամենաակնառու տարրը եկեղեցիների ճակատները խաչաքանդակներով զարդարելն էր, որը ստեղծվում էր խիստ ընդգծված պրոֆիլի միջոցով:
Որմնանկարներով զարդարված էին Քոբայրի գլխավոր եկեղեցու խորանը, մատուռ-ավանդատունը, բաց սրահն ու զանգակատան առաջին հարկը։ Դրանք համեմատաբար լավ են պահպանվել միայն գլխավոր եկեղեցում և մատուռ-ավանդատանը: Քոբայրի հուշարձանախմբի կառույցների պատերին, ինչպես նաև եղած և հայտնաբերված տապանաքարերի վրա առկա են մեծ թվով վրացերեն արձանագրություններ։
Ըստ վրացերեն արձանագրությամբ մի տապանաքարի՝ այստեղ է թաղված Իվանեի որդի և Շահնշահի եղբայր Վահրամը, Զաքարե ամիրսպասալարի որդի Շահնշահը, վերջինիս որդիներ` Գիորգին, Մխարգրձելը։ Մեկ այլ վրացագիր տապանաքարի վրա արձանագրված է՝ «Դավիթ՝ Շալվայի որդի»: Քոբայրում են թաղված հոգևոր և աշխարհիկ նշանավոր գործիչներ։