Այս ՀԱՅԸ ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որն աշխարհում առաջինն է. ո՞վ է նա և ո՞րն է նրա կողմից ստեղծված աշխարհի ութերորդ հրաշալիքը

Խոսքը մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Ավագի Տեր-Ղազարյանի մասին է: Ծնվել է 1923 թվականի հունիսի 20-ին Երևանում:

 Նրա խոշորագույն նվաճումը  շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր։ Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են՝ կատարելով ոչ սինխրոն շարժումներ՝ չկրկնելով դրանցից և ոչ մեկը։ Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի։

1943 թվականից թզի կորիզի, մարդու մազի, բրնձի հատիկի, ալմաստի, պողպատի, ոսկու փոշեհատիկների և այլ նյութերի՝ միկրոնով չափվող մեծության մասնիկների վրա հզոր խոշորացույցի օգնությամբ ստեղծել է 600-ից ավելի միկրոքանդակներ՝ «Չարլի Չապլին» (1973, պողպատ), «Նիկոլո Պագանինի» (1974, ոսկու փոշեհատիկ, երկուսն էլ՝ ասեղի անցքի մեջ), այդ բնագավառում եզակի՝ շարժվող միկրոֆիգուրներով «Գուլիվերը և լիլիպուտները» (1976, մարդու մազ, պողպատ), ինչպես նաև 1500 ծաղրանկար։

Հրաշք կարելի է համարել ասեղի ծայրին քանդակված ուղտերի քարավանը, մետաղի փշուրի վրա քանդակած խաչքարը և Հիսուսի դիմապատկերը, ասեղի անցքի մեջ գավազանով Չարլի Չապլինը, Միլոսյան Վեներան, ամենափոքր սրբապատկերը, մազի ծայրին քանդակված Ազատության արձանը, որոնք հնարավոր է դիտել, մեծացնելով 5000 անգամ։ Նրա տասը մանրաքանդակ գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։

Վարպետը ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որն աշխարհում առաջինն է, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին։ Ավտոմատի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա նա կատարել է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Բազմամյա գործունեության և վաստակի համար Էդուարդ Տեր-Ղազարյանին շնորհվել է Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ։ Տաղանդավոր ջութակահարին իրենց կատարումներով ողջունեցին «Շելլ» դաշնամուրային տրիոն, Երևանի կամերային երգչախումբը, «Բերդ» պարային համույթը, ինչպես նաև արվեստագետի թոռնուհին։ Անսովոր ձիրքի տեր արվեստագետը նաև սրամիտ ու կենսուրախ մարդ է եղել։ Արվեստագետի ընկերոջ՝ Արմեն Բուդաղյանի բնորոշմամբ քանդակագործը «մեր ժողովրդի պարծանքն է, որը չունի մրցակից և թափանցում է անտեսանելի գաղտնիքներից այն կողմ»: Լուվրի թանգարանի պատվերով բրնձի հատիկի վրա քանդակե-ավարտել էր Այվազովսկու «Իններորդ ալիքը», երբ անսպասելիորեն «քանդակը» կուլ է տալիս պատշգամբում հայտնված աղավնին։ Կուլ է տալիս մեկ միլիոն դոլարն ու երեք ամսվա տքնաջան աշխատանքի արդյունքը։

Հրաշագործ հայը մահացել է 88 տարեկան հասակում: