Ամենաերկարակյաց հայկական պարբերականը, որի խմբագիրը հանրահայտ ծովանկարչի եղբայրն էր

«Բազմավեպը» Մխիթարյան միաբանության կողմից հրատարակվող հայագիտական, բանասիրական, գրական հանդես է։ Լույս է տեսնում 1843 թ-ից Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Համարվում է ցայսօր հրատարակված հայերեն պարբերականներից ամենաերկարակյացը։ Հանդեսի հիմնադիր-խմբագիրը Գաբրիել Այվազովսկին էր՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը, ով ուրիշ վարդապետների օժանդակությամբ 1843 թ. հիմնեց «Բազմավեպ» հանդեսը՝ աչքի առաջ ունենալով Հ. Ղուկաս Ինճիճյանի հրապարակագրական բուռն ճիգերով առաջին անգամ կյանք առած «Տարեգրութիւնք», «Եղանակ Բիւզանդեան» և «Դիտակ Բիւզանդեան» թերթերի փորձը։

«Տարեգրութիւնքը» լույս էր տեսել 1799-ից մինչև 1802-ը. այն աշխարհաբարով հաղորդում էր հետաքրքիր տեղեկություններ ժամանակի քաղաքական դեպքերի, պատերազմների, գյուտերի մասին՝ ավանդելով միանգամայն կյանքի համար ծանոթություններ։ Հրատարակվում էր ամեն տարվա վերջին՝ իբրև թե ամփոփելով տարվա քաղաքական, եկեղեցական և գիտական կյանքը։

Առաջին համարը լույս է տեսել 1800 թ-ին։ Այն մեծապես գնահատելի գործ էր ժամանակի համար, քանի որ առաջին անգամ աշխարհաբարով լույս տեսնող լրագրի հիմքը դրեց ազգի մեջ։ Սկզբնական շրջանում հրապարակել է բազմաբնույթ նյութեր՝ հայագիտական ուսումնասիրություններ, համաշխարհային դասականների երկերի թարգմանություններ, հետաքրքրաշարժ տեղեկություններ, օգտակար խորհուրդներ և այլն։

«Բազմավեպը» եղել է բնական, տնտեսական և բանասիրական երկշաբաթաթերթ՝ նպատակ ունենալով դյուրըմբռնելի աշխարհաբարով ընթերցողների հասցնել լուսավորական գաղափարներ և օգտակար խորհուրդներ, ուղիներ նշել տնտեսական, քաղաքական և հոգևոր կյանքի վերածնման համար։ Հանդեսի էջերում մշտապես տեղ են գտել գիտական, աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին արժեքավոր նյութեր։