Պատերազմը 23-ամյա Անյուտա Քալաշյանից խլեց ամենաթանկերին` ամուսնուն ու հարազատ եղբորը. Ցավը խորն է ու անբուժելի

23-ամյա Անյուտա Քալաշյանը 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն և հարազատ եղբորը։ «Անդառնալի ցավ է»,- ասում է Անյուտան։ Հուզմունքով հավելում է՝ երբեք չէր պատկերացնի, որ նման ողբերգություն կպատահի իրենց ընտանիքի հետ, պատերազմը միաժամանակ կխլի և՛ ամուսնուն, և՛ եղբորը։

Անյուտա Քալաշյանի ամուսինը՝ 33-ամյա Ենոք Դավիդյանը, պայմանագրային զինծառայող է եղել, եղբայրը՝ 20-ամյա Ալբերտ Քալաշյանը՝ ժամկետային զինծառայող։ Ենոքը 44-օրյա պատերազմի ժամանակ կռվել է Օմարում, իսկ Ալբերտը՝ Մարտունի 2-ում։

Ենոքն ու Ալբերտը զոհվել են նույն ամսին, հոկտեմբերի 2-ին ընտանիքն իմացել է Ենոքի զոհվելու մասին, դեռ ցավին չհարմարված՝ 25 օր անց, իմացել են Ալբերտի զոհվելու մասին։

Անյուտան ու Ենոքը մինչ պատերազմը բնակվել են Մարտակերտում։ 5 տարի են միասին ապրել: Ունեն երկու աղջիկ՝ 4-ամյա Ալինան և 1 տարեկան Էլինան։ Փոքր աղջիկը ընդամենը 9 ամսական է եղել, երբ հայրը զոհվել է, Անյուտան ասում է՝ ոչինչ չի հիշում, իսկ մեծ աղջիկը շատ կապված էր հոր հետ ու անդադար հարցեր է տալիս, կարոտում ու սպասում հայրիկին։

Ենոքը սիրում էր հաճախ անակնկալներ ու կատակներ անել, նվիրված էր ընտանիքին, մշտապես բոլորին օգնում էր՝ պատմում է Անյուտան ամուսնու մասին։ Եղբայրը՝ Ալբերտը, կարգապահ էր, համեստ, ծառայությանը նվիրված, համակարգչային ծրագրավորում էր սովորել, ցանկանում էր բանակից գալ, մասնագիտական աշխատանքով զբաղվել։

Անյուտան ասում է՝ կյանքն ամբողջովին շրջվեց 2020-ի հոկտեմբերից սկսած։

Այժմ ուժ են տալիս միայն երեխաները։ Ասում է՝ միայն ապրում է՝ երեխաների ապագայի մասին մտածելով։

«Երեխեքի համար ենք ապրում, երեխեքի համար ենք մտածում։ Ուժ պիտի գտնենք, որ իրենք հոր պակասը շատ չզգան»,- ասում է Անյուտան։