Ցեղասպանության զոհերի ժառանգներից առաջինը փոխհատուցում ստացած ընտանիքի պատմությունը

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն իրենց պապերի ունեցվածքից միայն որոշ թղթեր են ժառանգել։ Շուրջ 10 տարի առաջ ոմանց համար դրանք արդարացի պահանջի հիմք դարձան, ոմանց համար` միայն նախնիներից մնացած հուշ։

2007թ.–ին հայտարարվեց Ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական վճարների փոխհատուցման մասին։ Շուրջ 4.5 հազար հայ ստացավ իր նախնիների օրինական ժառանգությունը։ Փոխհատուցում ստացած առաջին ընտանիքներից մեկն էլ Հարությունյանների ընտանիքն էր։

128 — Left

Ժառանգները տեղյակ են, որ իրենց մեծ պապը 7 հայկական գյուղի գյուղապետ է եղել, մեծ ունեցվածքի տեր ու, թերևս, նաև` հեռատես անձնավորություն, քանի որ ապահովագրել է իր երեք զավակների ու կնոջ կյանքը։

1915թ–ին թուրքերը Հարութ Ռշտունուն ու նրա երկու եղբայրներին կանչել են, իբր, ժողովի ու, փակելով դուռը նրանց վրա, այրել։ Ընտանիքին փրկել է թուրք ծառան, ով տեսնելով տիրոջ հետ կատարվածը, վերադարձել է գյուղ և օգնել փախչել կնոջն ու երեք երեխաներին։

Մյուս երկու զավակների` որդու ու դստեր հետ կարողանում է հասնել Հայաստան։ Հեռատեսորեն պահում ու ժառանգներին է հանձնում բոլոր պահպանված փաստաթղթերը։ Հենց դրանց շնորհիվ էլ 2007-08թթ–ին որդու հետնորդները ստանում են իրենց պապի ժառանգած գումարը` մի քանի հազար դոլարը։

2007թ–ին ամերիկյան New York Life Insurance ընկերությունը հայտարարեց 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդներին փոխհատուցումների տրամադրման ծրագրի մասին։

Փոխհատուցման գումարի ընդհանուր չափը 20 մլն դոլար էր։ Սակայն ժառանգորդների անտեղյակության, փաստաթղթերի չպահպանվելու, ներկայացված հիմնավորումների անբավարար լինելու պատճառով նախապես հայտարարված 20 միլիոնից ավանդատուների ժառանգներին հատկացվեց միայն 8 միլիոնը։