Նշանավոր մարդ, ով դարձավ վարդապետ և շրջեց ժամանակագրությունը

Հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել վարդապետ Չամչյան։ Մխիթարյան միաբանության անդամ է եղել։ Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում, ապա՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին։

1762 թվականից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ։ 1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։

Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784» (3 հատոր) աշխատությունը։ Մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ։ «Մեկնութիւն սաղմոսաց» (10 հատոր) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է։

Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով՝ բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրել է խորհրդակցություններ, պատրաստել «Հրաւէր սիրոյ» հատուկ շրջաբերականը, սակայն նախաձեռնությունը դատապարտել են թե’ Էջմիածինը, թե’ Վատիկանը։ Մահացել է 1823 թվականին Կոստանդնուպոլսում։