Ինչպե՞ս է ապրում միակ վրացուհին հայերով բնակեցված գյուղում

Նինո Սվանիձեն միակ վրացին է հայերով բնակեցված Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում։ Ախալցխայից Նինոծմինդայի շրջան է գործուղվել 1997 թվականին որպեսզի գյուղում դասավանդի պետական լեզուն՝ վրացերենը։ Գյուղում այդ թվականներին վրացերենի իմացությունը պարտադիր չէր և շատ քչերն էին տիրապետում պետական լեզվին։

Որպեսզի  նորեկ ուսուցչուհին լիարժեք կարողանար հաղորդակցվել աշակերտների և հայերի հետ, սկսում է սովորել հայերեն լեզուն՝ զուգահեռ դասավանդելով վրացերենը։ Նա դրանում խնդիր չի տեսել և մինչև այսօր էլ չի տեսնում։ Չնայած ասում է, որ սկզբնական շրջանում միակ դժվարությունը դա է եղել։

2019 թվականից ուսուցչուհին չի աշխատում դպրոցում, թոշակառու է, և շարունակում է մնալ հայերով բնակեցված գյուղում։ Չնայած ծննդավայրը Ախալցխայի շրջանի Ածղուրի գյուղն է։

«Ես չեմ պատրաստվում հեռանալ այստեղից։ Գյուղը և բնակիչները ինձ համար արդեն շատ հարազատ են, եթե ես գնամ ինձ համար շատ դժվար կլինի»- ասում է Նինո Սվանիձեն։

Տանը որտեղ բնակվում է վաստակավոր ուսուցչուհին անմխիթար վիճակում է.

Ապրելով գյուղում 69-ամյա վրացուհին չի զբաղվում անասնապահությամբ, իսկ կաթ, մածուն ու պանիր հարևաններն ու գյուղացիներն են հյուրասիրում, միևնույն ժամանակ ասում է, որ եթե տանը ծանր գործեր է ունենում, ապա օգնության են հասնում երիտասարդները՝ ում որ ինքը դիմում է։ Նինո Սվանիձեի միակ զբաղմունքը կարտոֆիլ մշակելն է, այն էլ քիչ քանակությամբ։