«Երեխեքը զանգել էին, ասել՝ մեզ օգնություն ա պետք, բայց ոչ մի օգնություն ցույց չտվեցին». 18-ամյա Գրիշա Գրիգորյանը զոհվեց շրջափակման մեջ

18-ամյա Գրիշա Գրիգորյանը զոհվել է 44-օրյա պատերազմից մոտ մեկուկես ամիս հետո՝ Հադրութում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, այս մասին պատմում է Գրիշա Գրիգորյանի մայրը՝ Արմինե Զաքարյանը։ Մինչ այդ Գրիշան և վեց զինակից ընկերները թաքված են եղել, կապ են հաստատել հարազատների հետ և տեղեկացրել վիճակի մասին: Հարազատները դիմել են պատկան մարմիններ օգնության համար, փոխանցել անհրաժեշտ տվյալները, սակայն տղաներին օգնությունն այդպես էլ չի հասել։ Դեկտեմբերի 27-ին 6 տղաները, հայտնվելով շրջափակման մեջ, զոհվել են։

Գրիշայի ընտանիքը տղայի զոհվելու մասին տեղեկացել է հունվարի 6-ին, տղաներից մեկի ծնողն է կապ հաստատել և զգուշացրել, թե որ դիահերձարանում փնտրեն տղային: 

Գրիշա Գրիգորյանը ընդամենը մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 30-ին էր զորակոչվել բանակ, երբ հակառակորդը պատերազմ սանձազերծեց: Գրիշան հակառակորդի դեմ կռվել է Ջրականում, Հադրութում։ Ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 15-ին․ «Հոկտեմբերին 13-ին զանգեց, ասեց՝ էլ ինձ չեք տեսնելու, ու լացեց երեխեն: Ասեց՝ վերջին անգամ եք ինձ հետ խոսում, հոկտեմբերի 15-ին էլի զանգեց, իրան բունկեր էին տարել, քանի որ նորակոչիկ էր, դրանից հետո էլ կապ չունեցանք»։

Արմինեն ասում է՝ պատերազմն ավարտվել էր, տղայի հետ խոսել չէր ստացվում, բայց լսել էին, որ ողջ է, ու հույսով սպասում էին, որ մի օր դուռը կբացի ու ներս կմտնի․ «Որ ասեցին՝ ողջ ա, մեզ տրամադրում էինք, ուրախանում էինք, ասում էինք՝ արցունք չթափենք, որ սաղ-սալամաթ գա, հասնի տուն… բայց, դե, լրիվ հակառակը եղավ»,- կրկին հուզվում է մայրը։

Գրիգորյանների ընտանիքը ապրում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Ընտանիքը վարձով է բնակվում, մայրն ասում է՝ Գրիշայի երազանքն էր տուն կառուցել ընտանիքի համար։ 

Արմինեն հուզմունքով ասում է, որ այս դժբախտությունը, ծանր ողբբերգությունը միայն իր ընտանիք չի այցելել, հարազատ քրոջ որդիներից մեկը ևս զոհվել է, իսկ մյուսը՝ ծանր վիրավորվել։

«Իրար փորձում ենք հույս տալ, ուժ տալ, բայց հաճախ ասում ենք՝ ինչի՞ պիտի հենց մեզ հետ լիներ՝ երկուսիս հետ, գոնե մի ընտանիքը ողջ-առողջ լիներ»,- նշում է Արմինեն։

Մայրն ասում է՝ շուրջ 6 ամիս է անցել տղայի զոհվելուց, բայց չի կարողանում հավատալ ու համակերպվել , ասում է՝ աչքը ճամփին է, թվում է՝ թե հեսա կգա:

«Մինչև հիմա չենք հավատում, որ փակ ա եղել դագաղը, ամուսինս տեսել ա, տեգրս տեսել ա, եղբայրն ա տեսել, ես որ չեմ տեսել, ոնց որ չհավատամ: Հույս ունեմ, հեռախոսս բացում եմ, զանգում եմ, ասում եմ՝ կարող ա պատասխանի»,- արցունքները սրբելով ասում է Արմինեն։