27-ամյա Մհեր Մկրտչյանը զոհվել է Մարտակերտի թեժ կետերում. Նա հայրենիքին խոստացել էր մինչև վերջ կռվել

«Մեռած ենք, թաղած չենք»,- արցունքների միջից ասում է 60-ամյա Ելենա Աբրահամյանը, որն Արցախյան պատերազմի հետևանքով կորցրել է 27-ամյա որդուն և մինչ օրս չի կարողանում համակերպվել իրենց ընտանիքին պատուհասած ողբերգության հետ։

Որդին՝ Մհեր Մկրտչյանը, պայմանագրային զինծառայող է եղել։ Պատերազմի լուրն իմանալուն պես առաջնագիծ է մեկնել՝ հայրենիքը պաշտպանելու: Մարտակերտում թեժ մարտերի ժամանակ զոհվել է հոկտեմբերի 12-ին։

mher

Ելենա Աբրահամյանը ընտանիքով վարձով ապրել է Մարտակերտում: Հիշում է, որ սեպտեմբերի 27-ին, երբ գնացել է աշխատանքի՝ Մարտակերտի պաշտպանականի ճաշարան, տեսել է, որ ճաշարանը գնդակոծված է։ Դրանից հետո Մարտակերտից տեղափոխվել են Ստեփանակերտ, իսկ տղան՝ դիրքեր։ 

Մայրն ասում է՝ Ստեփանակերտում ապաստան գտնելուց հետո սեպտեմբերի 29-ին որդու հետ կապ է հաստատել, ասել, որ ամեն ինչ լավ է։ Սա է եղել վերջին զրույցը, դրանից հետո մայրը որդու հետ այլևս չի կարողացել խոսել․ «Ասեցի՝ տղա ջան, արխային եղի, մենք դուրս ենք եկել: Ասեց՝ մամա՛, կապ պահեք, բայց կապը խզվեց, էլ չկարողացա հետը խոսել…»- կսկիծով հիշում է Ելենան։

Հոկտեմբերի 15-ին մայրը իմանում է ողբերգական դեպքի մասին։

Ասում է՝ որդին շատ հայրենասեր էր ու մինչև վերջ պայքար մղեց ու իր կյանքը տվեց հայրենիքին։ «Շատ էր սիրում Հայրենիքը, ասում էր՝ մայրիկ, լավ իմացիր, ես քեզ կարող եմ ոչ մի բան չխոստանալ, բայց Հայրենիքիս խոստացել եմ՝ մինչև կյանքիս վերջ կռվեմ, Հայրենիքը թուրքերից ազատեմ: Դուք արխային մնացեք, ասեք՝ տեղներդ ոնց ա, որ ես արխային կռվեմ»,- հիշում է տղայի հետ վերջին զրույցը մայրը։ 

Ելենան ասում է՝ որդու զոհվելուց հետո և՛ իր, և՛ ամուսնու առողջական վիճակը վատթարացել է։

Ելենան ասում է՝ ցավը հաղթահարել չի կարողանում, սփոփանք չի գտնում, հիմա իր միակ ցանկությունն է, որ հնարավորինս մոտ լինի տղայի գերեզմանին։ Ցանկանում է դիմել Արցախի կառավարությանը, որ Ստեփանակերտում տուն տրամադրեն, կարողանա հաճախակի այցելել տղայի շիրմին՝ առանց դժվարությունների։