36-ամյա Կամո Մինասյանը զոհվել է մարտի դաշտում` փրկելով 2 զինվորի կյանք. Նա 3 անչափահաս երեխաների հայր էր
36-ամյա պայմանագրային զինծառայող Կամո Մինասյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել է՝ փրկելով երկու ժամկետային զինծառայողի կյանք՝ իր վրա վերցնելով արկի հարվածը։
Կամոն ու Անուշը Վարդենիս քաղաքից են։ Ամուսնացել են 2006-ին, երեք երեխա ունեցել՝ 13 տարեկան Մանվելը, 10 տարեկան Մարիամը, կրտսեր տղան՝ Պետրոսը, ընդամենը 8 ամսական էր, երբ հայրը մեկնեց առաջնագիծ ու այլևս չվերադարձավ։

Կինը հիշում է, որ սեպտեմբերի 27-ին արթնացել են պայթյունից ձայնից, Վարդենիսի երկնքում ԱԹՍ կար, որը պայթեցվել էր։ Ասում է՝ ամուսնու հետ դուրս վազեցին, միանգամից հասկացան, որ պատերազմ է սկսվել, ամուսինը դիրքերում գտնվող եղբայրներից ճշտեց և առանց որևէ վայրկյան երկմտելու մեկնեց Արցախ։
«Հագնվեց, առանց հրաժեշտ տալու այլայլված դուրս եկավ: Մեքենա էր փնտրում, որ հասներ, չէր գտնում, թե ո՛նց հասավ՝ չգիտենք: Քարվաճառի զորամաս էր գնացել, հասնելուց հետո երեկոյան զանգեց, ասեց՝ ամեն ինչ նորմալ ա, լավ եղեք։ Իր բնույթն էնպիսին էր, որ միշտ էլ բոլորիս հանգստացնում էր, կյանքի ոչ մի էտապում երբեք չէր խառնվում, չէր ընկճվում, իր անվախությունից ես միշտ վախենում էի»,- հուզմունքով պատմում է կինը։
Անուշն ասում է՝ երբեք մտքով չէր անցնի, որ ամուսնուն կկորցնի պատերազմում։ Նշում է՝ Կամոն շատ լավ պատրաստված էր ու իր գործի մեջ հմտացած էր, սակայն եղավ անխուսափելին, 44-օրյա չարաբաստիկ պատերազմում կորցրեց սիրելի ամուսնուն՝ մենակ մնալով երեք անչափահաս երեխաների հետ։
Հոկտեմբերի 2-ի երեկոյան Անուշենց տուն են գալիս հարազատները, բարեկամները, ինչը տարօրինակ և կասկածելի է թվում նրան։ Կինը հույս է փայփայում, որ ամուսինը վիրավոր կլինի, սակայն ավելի ուշ հասկանում է, որ ընտանիքի հետ ողբերգություն է պատահել։
«Էդ պահին սրտիցս կեսը պոկվեց, ոտքերս թուլացան, ինձ սրսկեցին, ես շատ բան չեմ հիշում էդ դեպքից հետո։ Աննկարագրելի է՝ ի՜նչ ապրումներ ունեցա»,- հուզվում է կինը։
Կամոն միշտ լավատես էր, ժպիտը՝ դեմքին, երեխաների հետ շատ ընկերական ու ջերմ․ Անուշն այսպես է պատմում ամուսնու մասին:

Անուշն ասում է՝ Կամոյին բոլորը Վարդենիսում մականունով էին ճանաչում՝ Վարդենիսցի Մոշ էին ասում։
«Ծնված օրվանից էդպես են կոչել, գեղեցիկ պատմություն է դրա հիմքում. սկեսուրիս տեգոր կինը ղարաբաղցի ա եղել, Կամոյի ծնվելու օրերն են եղել, սկեսուրիս տեգոր կինն ասել ա՝ Լաուր ջան, հիվանդանոց չգնաս, գնամ Ղարաբաղ, հորս տնից մոշ բերեմ, ուտենք:
Ու էնպես ա ստացվել, գնացել ա, բերել ա մոշը, կերել են, երկու ժամ չանցած սկեսուրիս երկունքի ցավերը բռնել են, դե որ Կամոն ծնվել ա, արդեն հոպարի կինն ասել ա՝ Մոշը ծնվեց, էդպես բոլորն իրեն էդպես էին դիմում»,- ժպիտով ասում է Անուշը։
Կինն ասում է՝ հպարտ է, որ ամուսինը պայքարել է հանուն հայրենիքի, կյանքը զոհել ու փրկել երկու զինվորի կյանք, բայց դատարկություն ու կսկիծ են հոգում։ Ամուսնուց հետո ապրելը ծանր ու ցավոտ է: Նշում է՝ երեխաները ևս ծանր են տանում հոր կորուստը: