Ավագ սերժանտ Արթուր Ղահրամանյանը մինչև վերջ պայքարեց հանուն հայրենիքի. Կարդացեք նրա հերոսական պատմությունը

Ավագ սերժանտ Արթուր Ղահրամանյանը զինվորական էր, 13 տարի ծառայել էր հայրենիքին։ Ասում է՝ արձակուրդում էր, երբ լսեց պատերազմի լուրն ու անմիջապես մեկնեց դիրքեր։ Արթուրը զոհվել է պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի երեկոյան, Մարտունիում՝ արկի հարվածից։

Կինն ասում է, որ ամուսինն առավոտյան և երեկոյան զանգում էր, բարի լույս կամ բարի գիշեր մաղթում ընտանիքին, նոյեմբերի 9-ի առավոտյան խոսել են, բայց երեկոյան չի զանգել, այլեւս ձայնը չի լսել։

«Ամուսնուս ընկերն ասեց տեգրոջս, տեգրս էլ ինձ զանգեց, ասաց։ Ես մինչև հիմա չեմ համակերպվում, որ ինքը չկա, ու սաղ կյանքս չեմ համակերպվի»,- դողացող ձայնով նշում է կինը:

Արմինեն և Արթուրն ամուսնացել են 2012-ին։ Արմինեն ասում է՝ 9 երջանիկ տարիներ են ունեցել, բայց չէր պատկերացնում, որ իրենց երջանկությունն այդքան կարճ կտևի։ Երկու անչափահաս երեխա ունեն՝ 7-ամյա Անին և 2-ամյա Արսենը։ 

Արմինեն ասում է՝ երջանիկ էին մինչ պատերազմը, տուն էին կառուցում Մարտունիում, այս ամռանն արդեն պետք է տեղափոխվեին, սակայն շինարարությունը կիսատ մնաց: Ասում է՝ ամուսինը շատ հոգատար էր թե՛ որպես ամուսին և թե՛ որպես հայր․ 

Կինն ասում է՝ կարոտել է ամուսնու հետ կապված ամեն պահն ու վայրկյանը, բայց ամենաշատը՝ ամուսնու ժպիտը․ «Ինքն ուր մտնում էր, միանգամից ժպտում էր, իր այդ ժպիտն եմ կարոտել»։

Արմինեն երկու անչափահաս երեխաների հետ շարունակում է ապրել Արցախի Մարտունի քաղաքում։ Ամիսը մեկ անգամ երեխաների հետ գալիս է Երևան, այցելում Եռաբլուր, որտեղ հանգչում է ամուսինը․

«Ես մենակ երեխաներիս համար եմ ապրում, ես նպատակ չունեմ, ուզում եմ իրանց նպատակներին հասցնեմ։

Ուժս իրա տղուց եմ վերցնում, ուզում եմ մեծանա, իրա պապայի նման լավ մարդ լինի։ Ես միշտ իմ ամուսնու հիշատակը վառ եմ պահելու, ինքը միշտ իմ մտքում ա, իմ մեջ ա, ամենուրեք ա, ինչքան ապրեմ, պետք է վառ պահեմ հիշատակը»,- հուզվում է Արմինեն։