Այս եկեղեցին դարձել է հայ-վրացական հակամարտության առարկա․ ո՞ր եկեղեցու մասին է խոսքը

Խուճապի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Տաշիրի շրջանում։

9-10 դարերում կառուցվել է համալիրի ամենահին եկեղեցին, որը միանավ բազիլիկ կառույց է և հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես մենաստան, իսկ 13-րդ դարում Զաքարյանների տիրապետության շրջանում վերածվել է քաղկեդոնի վանքի։

Վանքը կառուցված է տուֆի սրբատաշ քարից։ Զույգ մույթով գմբեթավոր հորինվածք է։ Մույթերը միակտուր քարից են, ութանիստ։ Վանքի մուտքերը երեքն են՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից։ Գմբեթի 12 նիստանի կամարաշարով զարդարված բարձրադիր թմբուկի յուրաքանչյուր նիստում նեղ և բարձր լուսամուտ է։ Եկեղեցու արևմտյան ճակատի ողջ երկարությամբ կից է սրահ գավիթը։

Սակայն Խուճապի ինչպես նաև Հնեվանքի, Քոբայրի, Ախթալայի, Կիրանցի եկեղեցիները շարունակում են մնալ հայ-վրացական հակամարտության առարկա։ Խնդիրը նրանում է, որ դեռևս չի վերձացել սահմանազատումը Վրաստանի հետ։ Երբ տարիներ առաջ Հայ Առաքելական եկեղեցին և Վիրահայոց թեմը սկսեցին առաջ քաշել թեմին կարգավիճակ տալու և վեց եկեղեցիներ (մեկը՝ Ախալցխայում, հինգը՝ Թբիլիսիում) թեմին վերադարձնելու պահանջը, վրացական կողմը պահանջեց Հայաստանի տարածքում գտնվող մի քանի եկեղեցիներ, որոնք քաղկեդոնական են և որոնցում պահպանվել են վրացական արձանագրություններ։

Բայց Հայ Առաքելական եկեղեցին պնդում է, որ վրաց եկեղեցու կողմից պահանջվող եկեղեցիները՝ Խուճապ, Հնեվանք, Քոբայր, Ախթալա, Կիրանց, ունեն քաղկեդոնական անցյալ, բայց դրանք հայկական են՝ կառուցվել են հայի ձեռքով և հավատի տուն են եղել քաղկեդոնականություն կամ ուղղափառություն ընդունած հայերի համար: