«Կոլցո» օպերացիայի ժամանակ հենց այս ՀԱՅՆ է ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պատանդների փոխանակման գործին. ճանաչենք Միացյալ Հայաստանի մասին երազող «Աշանի արծվին»

Մեր կռիվը ազնիվ գործի համար է, իսկ Աստված չի կարող դավաճանել ազնիվներին։ Այս կռվի վերջը հաղթանակն է միայն:

Խոսքը հայ ազատամարտիկ, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի անդամ Արմեն Ժորիկի Ավագյանի մասին է, ով ծնվել է 1967 թվականին Մարտունու շրջանի Աշան գյուղում: Սկզբում կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև հերոսը, ավարտելով Մարտունու արհեստագործական ուսումնարանը, ստացել է գինեգործի մասնագիտություն։ Դրան զուգահեռ դերձակություն է սովորել։ ԽՍՀՄ Զինված ուժերում ծառայել է 1985-1987թվականներին: 1 տարի անց ամուսնացել է և ունեցել մեկ դուստր։

Արցախյան շարժումը սկսվելու հետ մեկտեղ դարձավ դրա ակտիվ մասնակիցներից։

Իր կողմից կազմավորված Աշանի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն է եղել: Ի դեպ, ջոկատը զինված էր նրա պատրաստած ինքնաշեն զենքերով։ Աշանի ինքնապաշտպանական ջոկատը օգնության էր հասնում հարևան Հացի, Նորշեն, Ավդուռ, Մյուրիշեն գյուղերին։ «Կոլցո» օպերացիայի ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պատանդների փոխանակման գործին։

Արմենն ու  Մոնթե Մելքոնյանը զինակիցներ էին և Մոնթեն նրան «Աշանի արծիվ» էր անվանում։

1992 թվականի մայիսի 15-ին Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ կազմակերպվեց Գյուլաբլու գյուղի ազատագրումը, որին մասնակցում էր նաև Արմենը՝ իր վաշտով։ Այդ ռազմական գործողության ժամանակ էլ, դեռ մինչև այսօր ամբողջովին չբացահայտված պայմաններում, նահատակվեց հրամանատար Արմեն Ավագյանը։ Այժմ այդ տեղամասում հուշարձան է կանգնեցված՝ ի հիշատակ Արմեն Ավագյանի և նրա հետ նահատակված չորս ընկերների։ Նրա երազանքն էր՝ Միացյալ Հայաստանը: