Հենց այս ՀԱՅԻՆ ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրման համար. ճանաչենք հայ հերոսին

Չհավատաք, եթե ասեն, որ մահացել եմ։ Ես կմեռնեմ Ստամբուլի պատերի տակ:

Խոսքը հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Լեոնիդ Ազգալդյանի մասին է, ով ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում:

1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1 տարի անց ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, բայց միևնույն մասնագիտությամբ ուսումը շարունակել է  Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետում և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը՝ որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։

 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։

Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։

Լեոնիդ Ազգալդյանը բնութագրվում է որպես չափազանց խիստ և անգամ չնչին անկարգապահություն չհանդուրժող հրամանատար,ինչը չէր խանգարում, որպեսզի նրանից ոչ թե վախենային, այլ հարգեին: Կարգապահությունից զատ նրան հիշում են իբրև ծայրահեղ բարի մարդու, ով կարող էր իր՝ խրամատում քնած զինվորին ուղարկել քնելու և նրա փոխարեն կանգնել մարտական հերթապահության:

Կոմանդոսի կարծիքը հերոսի մասին՝

Շփվելով հետը՝ ես զարմանում էի նրա՝ այդքան գիտակ լինելուց, աշխատանքից, նրա պատրաստվածությունից: Նրա կերպարը մեզ համար որպես օրինակ էր ծառայում: Եվ այսօր շատ կարևոր կլիներ, որ նրա փորձը մեր բանակում ուսումնասիրեին:

Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի խոսքերը հերոսի հասցեին՝

Ինչպես Զանգեզուրն ենք պարտական մեծն Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնիդին ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրումը, երկար տարիների զինվորական լուրջ աշխատանքի շնորհիվ բոլոր մանրամասնություններով հանդերձ իր նախապատրաստած ծրագրի իրականացման արդյունքում։ Նա է մեր փոքրիկ Արցախ աշխարհը հայրենիքին միացնելու նպատակով կատարված հաջող այս ռազմական գործողության պատմական հեղինակը:

1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցների զոհ դարձավ:

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

2019 թվականի ապրիլին մեկնարկել է ստորագրահավաք՝ Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու համար:

 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը: