Թշնամու ուղղաթիռը խոցած հերոս Նարեկի պատմությունը

Վերջին շրջանը ծանր էր բոլորիս համար, պատերազմ, խնդիրներ, սահմանազատում, բայց այս ամենի մեջ կա մի լուսավոր կետ, այն, թե ինչպես մեր զինվորները փայլեցին իրենց ուժով, խիզախությամբ ու նվիրվածությամբ։ Նրանք թշնամուն  ցույց տվեցին, որ Արցախյան պատերազմ տեսած իրենց հայրերի նման պատրաստ են կռվել հայրենի հողի ամեն թիզի համար, նրանք դա ապացուցեցին իրենց գործած սխրանքներով ու հերոսությամբ:

Ապրիլյանի հերոսներից մեկն էլ Նարեկ Մալխասյանն է, հակառակորդի ուղղաթիռը հակատանկային նռնականետով  խոցած Նարեկը: Նա Բարձրաշեն գյուղից է: Մինչ բանակ զորակոչվելը սովորել է Հայ-հունական պետական քոլեջում՝ ձեռք բերելով գինու-կոնյակի տեխնոլոգի մասնագիտություն։

22 ամսվա ծառայող էր, երբ  սկսվեցին ապրիլյան մարտական գործողությունները: Ապրիլի 1-ին Նարեկը դիրքերում նշում է 20-ամյակը ու ընկերներին ասում, որ ծառայության ընթացքում մի հերոսություն չարեցին, բայց ինչ իմանար, որ ժամեր հետո իր կատարած հերոսական սխրանքի մասին անգամ սերունդներն են հիշելու:

«Ապրիլի 1-ին բարձրացանք դիրքեր։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի հրետանին սկսեց աշխատել: Արդեն պարզ էր, որ պատերազմ է: Գումարտակի հրամանատարի կողմից հրանգավորվել էինք, որ մեր դիրքի դիմաց տանկերի կուտակումներ են նկատվում, պետք է ավելի զգոն լինենք, քանի որ ամեն պահի սպասվում են ակտիվ գործողություններ։

Ժամը 12-ին իմ հանգստի ժամն էր, բայց այդ ժամանակ հակառակորդի ուղղաթիռն ուղղվեց մեր կողմը, ես այդ ձայնից անմիջապես դուրս եկա կացարանից ու տեսա, որ ուղղաթիռն արդեն մեր դիրքի մոտ է: Այդ պահին միայն մեկ բան կարող էինք անել՝ կրակել»,- պատմում է Նարեկը:

Այդ ընթացքում ոտքի բեկորային վիրավորում է ստանում, սակայն ոչ մեկին չի ասում, միայն երկու օր հետո ոտքը բորբոքվելուց հետո նրան տեղափոխում են հոսպիտալ:  Զինծառայությունից հետո դժվարությամբ է վերադառնում առօրյա կյանքին, անդադար մտածում է պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների,  կորցրած ընկերների մասին:

«Պատերազմը դաժան բան է»,- ավելացնում է Նարեկը:

Նարեկ Մալխասյանն այսօր սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, մասնակցում է սպայական դասընթացների, որից հետո որպես սպա ծառայության կանցնի Հայոց բանակում:

Նշենք, որ նա ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով։