Հետախույզ Պյոտր Սարգսյանը քաջաբար զոհվեց հանուն հայրենիքի. Նա հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի

31-ամյա հետախույզ Պյոտր Սարգսյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում, երբ զինակիցների հետ գնացել է հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրքերը հետ գրավելու:

«Կողքի դիրքերը որ վերցրել են Ջաբրայիլից, եկել են, ասել՝ ովքե՞ր են գալիս, մի քանիսով գնացել են՝ իմանալով, որ կարող ա հետ չգան։ Էդ ժամանակ Պյոտրը թուրք ա նկատել, ուզեցել ա բռնի, գերի վերցնի, թուրքը նռնակը գցել ա, դրանից ինքը զոհվել ա»,- հուզմունքով պատմում է Պյոտրի բարեկամուհին՝ 39-ամյա Առլետա Սարգսյանը։ 

Պյոտր Սարգսյանը ընտանիքի կրտսեր որդին էր, իր հոգածության ներքո էր մոր խնամքը։ Մայրը՝ 66-ամյա Անահիտ Սարգսյանը երիկամների անբավարարություն ունի, տասը տարի է՝ բուժում է ստանում, շաբաթական երեք անգամ հեմոդիալեզ է ստանում։ 

Տղայի զոհվելուց հետո մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է, որդու ողբերգական մահը, սթրեսային վիճակը էլ ավելի ծանրացրել են առանց այն էլ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Անահիտի վիճակը, բժիշկները թույլ չեն տալիս տուն գնալ, այժմ Ստեփանակերտի հիվանդանոցներից մեկում է բուժում ստանում։

Անահիտ Սարգսյանը Հադրութից է, տղան՝ Պյոտրը, բանակում ծառայությունն ավարտելուց հետո ծառայության է անցնել Հադրութի հատուկ նշանակության վաշտում, այնուհետև մեկնել Ռուսաստան, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմն սկսվելուց հետո վերադարձել է հայրենիք և մտել զինծառայության։

Հարազատները պատմում են, որ Պյոտրը շատ էր սիրում հայրենիքը, ասում էր՝ հերոսների արյան գնով պահված հողերը պետք է պաշտպանել, երբեք չպետք է նահանջել: 

«Ինքն այդպես էլ վարվեց։ Գնաց՝ գիտակցելով, որ կարող է չվերադառնա։ Միշտ ասում էր, որ ծառայում ես, պետք է քո ազգին նվիրված ծառայես»,- հուզմունքով ասում է Առլետա Սարգսյանը։

Պյոտր Սարգսյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: