«Սա հո մանկապարտեզ չի: Այս տղային խնամակալ է պետք, որ էլի հիմարություններ չանի»: Երտասարդ կամավորի արկածները պատերազմի ժամանակ

Ջոկատում տարբեր շրջաններից տղաներ կային, սակայն նրանցից մեկը հաստատապես չգիտեր, թե  որտեղից է: Նա մանկատան շրջանավարտ էր, ծնված օրից մանկատանն էր մեծացել, ոչ մի պատկերացում չուներ ծնողների ու իր ծագման մասին: Ոչ կայուն աշխատանք ուներ, ոչ մշտական ապրելու տեղ, հետո խոստովանեց, որ Ղարաբաղ է եկել գոնե քնելատեղ, հագուստ ու սնունդ ունենալու համար: Սակայն հենց սկզբից բոլորի համար գլխացավանք դարձավ:

Արդեն երրորդ օրը քիչ էր մնում դժբախտ պատահարի պատճառ դառնար: Բոլոր նորեկներին ի սկզբանե զգուշացրին, որ քնելատեղում, իսկ դա բլրի մեջ փորված հողե մեծ սենյակ էր, ավտոմատ չլիցքավորեն, չքանդեն, չստուգեն, առավել ևս՝ ստուգողական կրակոց չարձակեն: Զենքի բոլոր ստուգումները պետք էր անել դրսում` շառից-փորձանքից հեռու:

Միայն Կամոն էր (նրան այդպես էին անվանել) կարգը խախտում: Նա որոշում է սենյակում ավտոմատից ստուգողական կրակոց կատարել: Երջանիկ պատահականությամբ գնդակը չի դիպչում սենյակում գտնվողներից մեկին:

Խմիչքի հանդեպ թուլություն ուներ: Բազայի ճաշարանում Ղարաբաղի «քաշած» թթի օղի կար, որ հրամանատարը մեկ-մեկ հյուրասիրում էր տղաներին: Այդ ճաշարան կոչվածն էլ դրսում խփված փոքր վրան էր, ուր հնարավոր չէր ողջ հասակով կանգնել: Կամոն իմանում է խմիչքի տեղը, օրը ցերեկով հարբում, զենքը վերցնում` թե գնում եմ ադրբեջանցիներին սպանելու:

Հազիվ մի կերպ սրան բռնում-տանում են սենյակ, գցում  անկողնու վրա, ուր միանգամից քուն է մտնում: Բայց գիշերվա 2-ին վեր է կենում, բազայից հեռանում: Հերթապահ զինվորը նկատում է, բայց չի հասցնում կանգնեցնել: Բազայի շուրջը խիտ թփուտներ ու կարճ ծառեր կային, շատ հեշտ էր տեսադաշտից կորելը:

Հերթապահը Կամոյի հեռանալու մասին զեկուցում է հրամանատարին, վերջինս էլ անմիջապես տագնապ է հայտարարում:  Մի քանի ժամ տեղանքը  սանրելուց հետո տղաներից մեկը նկատում է Կամոյին` բաց տեղանքում քնած, ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց:

Հենց Կամոյին գրկում են` սկսում է աղմկել, թե` թողեք, գնում եմ ադրբեջանցիներին կոտորելու: Աղմուկը գրավում է ադրբեջանցիների ուշադրությունը, նրանք սկսում են կրակել: Մոտ 30 րոպե փոխհրաձգությունից հետո հաջողվում է Կամոյին հանել վտանգավոր գոտուց ու բոլորով բարեհաջող վերադառնում են բարձունքի վրա գտնվող բազան:

Մյուս օրը հրամանատարն այս մասին հեռախոսով զեկուցում է Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի  շտաբին: Ջոկատի հրամանատարին փոխանցում են Շահեն Մեղրյանի հրամանը՝ Երևան վերադարձնել և՛ Կամոյին, և՛ ընդհանրապես բոլոր անհուսալի նորեկ կամավորներին:

Հրամանատարը երեկոյան բոլորին հավաքեց ժողովի և հայտարարեց իր որոշման մասին: Ի զարմանս բոլորի` Կամոն խնդրում-աղաչում էր, որ իրեն պահեն, որ գնալու տեղ չունի, որ կուղղվի անպայման: Հրամանատարը լսել չէր ուզում, բայց միջամտեց Ուստա Սաքոն, ասելով որ նրանց գնալուց հետո մնում են ընդամենը 12 հոգի, իսկ մյուս հերթափոխի գալուն դեռ 1 ամիս կա։

— Սա հո  մանկապարտեզ չի՞: Այս տղային խնամակալ է պետք, որ էլի հիմարություններ չանի: Կռիվը թողած` դայակություն պետք է անե՞նք, — բարկացած ասաց Նորոն:

Նա ջոկատի լավագույն զինվորն էր, մարտերի ժամանակ ընտրում էր ամենավտանգավոր ու պատասխանատու դիրքերը: Բոլորն էլ գիտեին, որ նրա գնդացիրը չի լռի, ու դա բոլորին էլ «դուխ էր տալիս»: Բայց Նորոն ծանր բնավորություն ուներ, Կամոյի նման «լակոտ-լուկուտներին» տանել չէր կարողանում:                                                                                                                                                

— Իսկ մարդ կա°, ով համաձայն է Կամոյին շեֆություն անել: Միանգամից ասեմ, որ դա մյուս պարտականություններից չի ազատի,- ասաց հրամանատարը: Ապագա մանկավարժ Արամը համաձայնվեց։

Հրամանատարն էլ երկար-բարակ չքննարկեց: Կամոյին հրամայեցին այսուհետ իր բոլոր քայլերն Արամի հետ համաձայնեցնել, անառարկելի ենթարկվել Արամի բոլոր հրամաններին, ինչ էլ որ կասի: Արամը Կամոյի խնամակալությունը սկսեց նրանից, որ հանձնարարեց ավտոմատը քանդել-հավաքել: Այդ վարժությունը ստիպեց կատարել 2 ժամ:

Մի անգամ էլ հրամանատարը դիմում է տղաներին` գուցե կամավորներ գտնվե°ն՝ տղաներին զենք հասցնելու համար: Ոչ ոք չի արձագանքում: Մի փոքր դադարից հետո մի համարձակ, այնուամենայնիվ, գտնվում է: Ու դա Կամոն էր: Գնդակների տարափի ներքո նա մի ուսապարկ զինամթերք է հասցնում Նորոյի խմբին, ու շուտով նռնակները պայթում են երկրորդ զրահամեքենայի կողքին: Ադրբեջանցիները սկսեցին  նահանջել: Հայկական ջոկատը ոչ մի զոհ չտվեց:

Երևան վերադառնալուց հետո Կամոն որոշեց զինվորագրվել Արցախի ազատագրման գործին, իսկ Արամը շարունակեց իր կիսատ թողած ատենախոսությունը գրել, որն անվանվում էր՝ «Ինչպե՞ս պատանիների մոտ դաստիարակել հայրենասիրություն»: Կամոն բազում մարտերի մասնակցեց, աճեց մինչև գումարտակի հրամանատար: