Կապիտան Անդրանիկ Աղաջանյանը զոհվեց շրջափակման մեջ գտնվող զինվորներին օգնելիս. Ճանաչե՛նք մեր ՀԵՐՈՍներին17:26

29-ամյա կապիտան Անդրանիկ Աղաջանյանը զոհվել է 44-օրյա պատերազմում՝ շրջափակման մեջ հայտնված 18 տարեկան զինվորներին օգնության հասնելիս։ 

Մայրը՝ 57-ամյա Աշխեն Աղաջանյանն ասում է, որ տղայի ընկերները պատմել են՝ ինչպես է որդին՝ գիտակցելով, որ կարող է գնալ վիրավոր զինվորների հետևից և չվերադառնալ, առանց երկմտելու գնացել է օգնություն ցույց տալու:

«Իրա ընկերներն ասում են՝ չգնաս, եթե գնաս, հետ չես գա։ Իրանց կամբատը չի գնում, կամբատն ասել ա՝ թող դատեն, ես չեմ գնա: Ասել են՝ դու ինչի՞ ես գնում, ասել ա՝ ինքը չի գնում, ես չեմ կարա չգնամ, երեխեքը լացում են, նոր գնացած երեխաներ են, 10 օրվա։ Տղես զանգում ա կնոջը, ասում՝ եթե չգամ, ուրեմն չկամ ու ավտոն նստում ու գնում ա Լելե Թեփե՝ Հարյուրի չռիկների պոստ են ասում։ Վիրավորներին հանում ա, ինքը մահացու վիրավորում ստանում: Տղաներն ուզում են իրան պատգարակով տեղափոխեն, էդ սրիկաները նորից նկատում են, որ շարժ կա, արկը գցում են իրանց վրա, ու 8 հոգին մնում են էնտեղ»,- մայրը հուզմունքով պատմում է որդու և 18 տարեկան զինվորների հետ պատահած ողբերգական դեպքը։

Աղաջանյանների ընտանիքը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից է։ Անդրանիկ Աղաջանյանը, 2012-ին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ամուսնանում և տեղափոխվում է Ջրական՝ զինվորական ծառայության:

57-ամյա մայրն ասում է՝ Անդրանիկը բնավորությամբ խիստ էր, սիրում էր զինվորներին, զինվորներն էլ՝ իրեն․ «Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, իրան վեր չէր դասում, հասարակ էր պահում, բոլորի հետ խոսում էր, բարեկամ սիրող, երեխա սիրող, հայրենիքը սիրող, իմ տղան ինձ համար պարծանք էր»:

Քառօրյա պատերազմի ժամանակ, մոր խոսքով, տղայի վաշտը լավագույնն է համարվել, այդ առթիվ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է մեդալների:

Աշխենն ասում է՝ տղան զինվորական գործում հմուտ էր, և մոր համար անիրական ու անհավանական է թվում, որ տղան այս պատերազմում զոհվել է։

Նա հիշում է, որ տղան զանգել է հոկտեմբերի 3-ին և ասել, որ «Ուրալով» վիրավորների և դիակներ է Կարմիր Շուկա բերել, քանի որ «Ուրալի» վարորդը մահացել է: Մայրն ասել է՝ մի քիչ մնա, սպասի, նոր գնա, որդին հրաժարվել է. «Չեմ կարա, մամա, 18 տարեկանները խրամատների մեջ լրիվ անտեր-անտիրական են, մարդ չկա»։

Աշխենը շարունակում է, որ հոկտեմբերի 5-ին տղան զանգել է և ասել, որ հեռախոսներն անջատում են ու չեն կարող խոսել, քանի որ հեռախոսների միջոցով հակառակորդը կարողանում է իրենց տեղը որոշել… Այդ զանգը լինում է վերջինը։

«Ասեց՝ ձեզ լավ նայեք, դրությունը լավ չի, լավ բան չեմ կարա ասեմ, երեխուս կուղարկես դպրոց, էդ վերջին զանգն էր»,- կրկին հուզվում է մայրը։

Տղայի զոհվելուց հետո ամիսներ անց՝ դեկտեմբերի 6-ին, որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվում է մարմինը։

Այդ օրվանից Աղաջանյանների համար կյանքը կանգ է առել։ Ոչ հավատում են, ոչ էլ կարողանում են ապրել։

Աշխենն ասում է, որ տղայի ընտանիքը շատ համերաշխ ու երջանիկ ապրում էր մինչև չարաբաստիկ պատերազմը։ Երկու անչափահաս աղջիկ ուներ Անդրանիկը՝ 7-ամյա Միլին և 3-ամյա Մարին։