Լսե՞լ եք Գլխո կամ Հոռեկա վանքի մասին․Արցախի հրաշալիքներից մեկը

13-րդ դարի Գլխո կամ Հոռեկա վանական համալիրը գտնվում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից 4կմ հարավ-արևմուտք: Գլխո վանքի տեղում 13-րդ դարում կառուցում են նոր եկեղեցին, որը հետագայում ստացել է Հոռեկա վանք անվանումը։

Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, ընդարձակ գերեզմանոցից, հյուրատնից և այլ ավերված շինություններից:
Ըստ մուտքրի կիսակամար ճակատակաքարի վրայի արձանագրության, եկեղեցին կառուցել է Հովհաննեսը: Նույն Հովհաննեսը կառուցել է նաև գավիթը: Եկեղեցու և գավթի պատերի մեջ՝ ներքուստ և արտաքուստ կան բազմաթիվ խաչքարեր:

Գավթում ամփոփված են վանքի եպիսկոպոսների, վարդապետների, սարկավագների մարմինները: Զանգակատունը կառուցվել է 17-րդ դարում: Այն փոքրիկ շինություն է՝ կցված գավթին՝ արևմուտքից:

Հոռեկա վանքից մոտ 100-150 մ հյուսիս պահպանվել է հայկական ժողովրդական ճարտարապետության լավագույն նմուշներից՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների ապարանքը։