Մարմաշեն վանական համալիր․ բացահայտենք Գյումրու հոգևոր հարստությունը

Մարմաշեն վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Վանական համալիրը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, 3 եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից:

Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին:
Երկրորդ եկեղեցին գտնվում է Կաթողիկեի հյուսիսային կողմում: Այս եկեղեցին Կաթողիկեի փոքրացված ընդօրինակումն է: Ցավոք պահպանվել են միայն հյուսիսային և արևելյան պատերը:
Մյուս՝ երրորդ եկեղեցին, որը կառուցվել է 11-րդ դարում, Կաթողիկե եկեղեցու հարավային կողմում է:
Չորրորդ եկեղեցին գտնվում է համալիրի հարավ-արևմտյան կողմում: Բացվել է 1954-56 թվականներին կատարած պեղումների ընթացքում: Պահպանվել են գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը:

11-րդ դարից սկսվում են սելջուկյան արշավանքները, որոնց հաջորդում են այլ նվաճողների արշավանքները ։ Այս ընթացքում Շիրակը հայաթափվում է։ Այսօր Մարմաշենը չի գործում որպես վանական համալիր և տարածքն էլ եկեղեցապատկան չէ։ Հայ Առաքելական Եկեղեցին այստեղ իրավունք ունի ընդամենը պատարագ մատուցել, ժամերգություն, պսակադրություն և մկրտություն կատարել

«Մարմաշեն» անվանումը «Մարիամաշեն» բառի ձևափոխումն է։ Իսկ հնավայրի մյուս՝ «Վահրամաբերդ» անվանումը ենթադրել է տալիս, որ այստեղ եղել է նաև իշխանական նստավայր։