Օրթաքյոյի «այցեքարտը» կամ հայերի գլուխգործոցները Թուրքիայում

Գաղտնիք չէ, որ հայերի տաղանդն  արտահայտված է յուրաքանչյուր ոլորտում: Հայերը, որ երկրում էլ , որ ապրեն ՝ կառուցում են ու շենացնում: Նախկին Օսմանյան կայսրության ժամանակ բավականին մեծաթիվ ճարտարապետական կառույցներ հենց հայերի ձեռքով են կառուցվել:

Օրթաքյոյի  մզկիթը գտնվում է Օրթաքյոյի հրապարակի մոտ, այն Ստամբուլի տեսարժան վայրերից մեկն է: Մզկիթը կառուցվել է օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանով 1853- 1856 թվականներին: Մզկիթի ճարտարապետները եղել են հայազգի ճարտարապետներ Կարապետ Բալյանը և նրա որդին՝  Նիկողոս Բալյանը:

Մզկիթը ունի երկու մինարեթներ, որոնք կառուցված են սպիտակ մարմարյա սալաքարերից, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին պատշգամբ: Ինչպես մնացած բոլոր մզկիթները, որոնք կառուցվել են Աբդուլ Մեջիդի օրոք, Օրթաքյոյի մզկիթը նույնպես բաղկացած է երկու մասից՝ հարեմից և սուլթանի անձնական կեցավայրից: Այս միագմբեթ մզկիթը ներքին հատվածը պատված է վարդագույն խճանկարներով: Բարձր և լայն պատուհաններից ներթափանցում է արևային լույսը և խճանկարի գույները արտացոլում են Բոսֆորի ջրերի երանգները: Աղոթարանը կառուցված է մարմարից, խճանկարապատ է, իսկ ամբիոնի մարմարը իր հերթին պատված է ծիրանաքարով։