Թուրքիայի «ամենահին» դպրատներից մեկը․ Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքի ճակատագիրը

Չարխափան Սուրբ Աստվածածին կամ Արմաշի վանքը գտնվում է Թուրքիայի Աքմեշեի (Արմաշ) բնակավայրում։ Արմաշ տեղանունը «Մարաշի» տարափոխված ձևն է, քանի որ այստեղ էին հաստատվել Մարաշից գաղթած հայերը։

Վանքը հիմնադրվել է 1416 թվականին Սրապիոն վարդապետի կողմից ։ Մինչև Կ․ Պոլսի հայոց պատրիարքության ստեղծումը Չարխափան Սուրբ Աստվածածին վանքը եղել է Արևմտյան Անատոլիայի վանական կենտրոնը։ Իսկ 1786 թվականին կառուցվել է մատենադարանի շենքը։

1804 թվականին Չակր Հասանն իր թշնամուն ապաստան տալու համար իբրև վրիժառություն ավերել է վանքը։ Պողոս արքեպիսկոպոս Ղարախոչյանը 1820 թվականին դժվարությամբ ձեռք է բերել վերաշինության իրավունք , և նույն թվականի սեպտեմբերի 26-ին՝ Վարագա Խաչի տոնին կատարվել է վանքի օծումը։ Վանքում եղել է դպրոց, որտեղ կրոնական առարկաներից բացի դասավանդել են իմաստասիրություն, բնական գիտություններ, հայագիտություն, հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն, ինչպես նաև երաժշտություն։ Վանքում 1896 թվականից գործել է նաև որբերի դասարան։ Աշակերտների թիվը 1889–1914 թվականներին հասել է շուրջ 300-ի։

1915 թվականին վանքը թալանվել է, իսկ միաբանությունը տարագրվել։
605-ամյա Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին վանքը ներկայումս ամայացած է և տեղի բնակչության կողմից վերածվել է աղբանոցի։