Բացառիկ ցուցադրության հետքերով։ Չարենցի սերը Արևելքի հանդեպ

Չարենցը բացառիկ ճաշակ ուներ, ինչպես նաև սեր` Արևելքի հանդեպ։ Արևելքի հետ Չարենցի կապը զգացվում է ինչպես նրա ստեղծագործությունների, այնպես էլ` կենցաղի մեջ։

Պարսկական ծխամորճ, չինական թութունաման, ճապոնական բաժակներ և սկուտեղ. Մեծանուն գրող Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կներկայացվեն նրա բացառիկ, երբևէ չցուցադրված իրերը։ Այս մասին հայտնում է Չարենցի թոռնուհին` Գոհար Չարենցը։

Չարենցը բացառիկ ճաշակ ուներ և իր սպասքը գնում էր Մոսկվայի, Լենինգրադի, Թիֆլիսի խանութներից։ Նա սիրում էր իրեն շրջապատել գեղեցիկ իրերով։

Չարենցը ծնվել է Կարսում, չնայած երկար ժամանակ կարծում էին, որ նա Իրանի Մակու քաղաքից է։ Ու Արևելքը, ըստ Չարենցի թոռնուհու, կարծես գրողի հոգու հայրենիքն էր, և Արևելքի ազդեցությունը գերիշխում է թե՛ Չարենցի կենցաղում, թե՛ ստեղծագործություններում։

Չարենցի բնակարանում Արևելքն ու Արևմուտքը մեկտեղվում են` ամերիկյան գրամեքենայի կողքին հնդկական Բուդդան է, գերմանական դաշնամուրի կողքին` չինական պահարանը։

Չարենցը սիրում էր ընկերների հետ կոնյակ խմել.Կցուցադրվեն նրա կոնյակի բաժակները, կոնյակի շշերից մեկը, ինչպես նաև` պարսկական մի գորգ։Ցուցադրվող գորգը բավական թանկ է Չարենցի համար, քանի որ այն հորից մնացած ժառանգություն է (նրա հայրը գորգավաճառ էր և գորգերի փոքրիկ խանութ ուներ) ։