Ինչպե՞ս էին հագնվում հայ թագավորները։ Երբ ժամանակակիցը միահյուսվում է անցյալին

 «Արքայից արքա» հավաքածուի նմուշներն ընտրվել են հնագույն հայ արքայական տոհմերի ներկայացուցիչների հանդերձանքի ոճով։

Երևանում անցկացվել է նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի` հայ արքաների հանդերձանքի աննախադեպ ցուցադրությունը։ Այս ամենը Հայաստանի պատմության և դիցաբանության հետ ֆեշնի յուրօրինակ համադրում է, որը թույլ է տալիս հայտնվել հայկական ազնվազարմ դասի շքեղ աշխարհում։

Ներկայացվել են Երվանդունիների, Արտաշեսյանների, Բագրատունիների, Արշակունիների դինաստիաների թագավորների և թագուհիների, ինչպես նաև կիլիկյան թագավորների կերպարները։ Նրանք բոլորը կարևոր դեր են խաղացել Հայոց պատմության մեջ։

Բեմի վրա միմյանց հաջորդել են  հին արքայական դինաստիաների ներկայացուցիչները։ Նրանք ստիպեցին պատկերացնել մի տեսարան, որը բազմիցս կարդացել էինք գրքերում։ Հայկական գորգերի առատությունը, համապատասխան երաժշտությունն ու լուսավորությունն ավելի էին խորացնում բեմում կատարվածի միստիկան ու գաղտնիությունը։

Առանձնահատուկ էր Տիգրան Մեծի թագը՝ մարգարտազարդ, ութճառագայթ արևնախշով և երկու կողմից արծվապատկերով:

Հավաքածուն եզրափակվեց Կիլիկյան թագավորության արքաների հանդերձանքը ներկայացնող ցուցադրությամբ։ Դրա ստեղծման համար հիմք էին հանդիսացել մետաղադրամներն ու մանրանկարները։

Լիլիթ Մելիքյանը ոգեշնչվել է Հայոց թագավոր-թագուհիների կերպարներով, նրանց մասին եղած ավանդազրույցներով և պատումներով։ Հագուստի նմուշները ստեղծվել են «Տերյան մշակութային կենտրոնի» վարպետների կողմից: