Հայերը Ստալինգրադում և ինչպե՞ս ճապոնացիները փրկեցին թուրքերին

Ստալինգրադում տարած հաղթանակը անգնահատելի էր որոշ երկրների և ժողովուրդների համար,  սակայն Հայաստանի բնակիչների համար այն կյանքի ու մահու հարց էր լուծում։ Հանրապետությունում ձևավորված երեք դիվիզիաների մարտիկները կռվում էին այդ  մարտերում` խորապես գիտակցելով, որ եթե քաղաքը կորցնեն, թուրքերն անհապաղ կհարվածեն Կովկասին և կփորձեն մեկընդմիշտ լուծել հայկական հարցը։

Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած 119 հայերից 5-ը ստացել էին հերոսի աստղը Ստալինգրադի ճակատամարտի ընթացքում. նրանք են` Գրիգորի Բաղյանը, Սերգեյ Բուռնազյանը, Ասքանազ Կարապետյանը, Արամայիս Պողոսյանը, Աշոտ Ամատունին։

Ստալինգրադի ռազմաճակատում կռվել է մոտ 30 հազար հայ մարտիկ, որոնցից 10 հազարը զոհվել են։ Այս մարտերում որդուն կորցրեց նաև Անաստաս Միկոյանը։ 2017 թվականին Մամաևի բարձունքի վրա նրանց հիշատակին տեղադրվեց ազգային խորհրդանիշ խաչքարը։

Ստալինգրադի մերձակայքում տեղի ունեցած շրջադարձից և հաղթանակին մոտ լինելը զգալուց հետո Խորհրդային Միությունը սկսեց մտածել իր հարավային սահմաններն ընդլայնելու մասին։ 1945 թվականի մարտին չեղյալ հայտարարվեց Թուրքիայի և Խորհրդային միության միջև 1925 թվականին կնքած պայմանագիրը։ Անկարային առաջարկվեց թույլ տալ խորհրդային ռազմածովային կայանի ներկայությունը Սևծովյան նեղուցներում և ԽՍՀՄ–ին զիջել Թուրքիայի արևելյան տարածքի զգալի մասը, այդ թվում` գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը։

Թուրքիան այդ առաջարկը մերժեց` ստանալով Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի աջակցությունը։ Ստալինը հանձնարարեց նախապատրաստվել նոր մեծ պատերազմի:

Օրինակ`Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը առաջարկվել էր հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի հորը։ Սակայն բանը հակամարտության չհասավ։ ԽՍՀՄ–ի դեմ ԱՄՆ–ում մշակեցին «Դրոփշոթ» ծրագիրը` միջուկային զենքի կիրառմամբ, որն արդեն կիրառվել էր Ճապոնիայի դեմ։ Այն ժամանակ Ստալինն ասել էր, որ թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին։ Նրա մահից հետո Մոսկվան դադարեց բարձրացնել տարածքների և նեղուցների հարցը, իսկ Թուրքիան, դառնալով ՆԱՏՕ–ի անդամ, խորհրդային սահմանի մոտ ամերիկյան հրթիռներ և ռազմակայաններ տեղակայեց։