Ինչպե՞ս կինը հայ հետախույզին դարձրեց դավաճան

Հայազգի Գեորգի Սերգեյի Աղաբեկովն առաջինն է եղել խորհրդային արտաքին հետախուզության աշխատակիցներից, որ անցած դարի 30–ական թվականներին փախել է արևմուտք։ Չեզոքացվել է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հատուկ խմբի կողմից` իսպանա–ֆրանսիական սահմանի մոտ։

Ինչո՞ւ է նա փախստական դարձել։ Երկու վարկած կա։ Մեկի համաձայն` Աղաբեկովն ըմբոստացել է խորհրդային հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդների ու Կրեմլի քաղաքականության դեմ։

Մեկ այլ վարկածով` փախուստի պատճառ կարող էր դառնալ անգլերենի ուսուցչուհու հետ սիրավեպը, որը դավաճանության փաստի մեջ ավելացնում է հուզականության շղարշ, բայց դավաճանությունը մնում է դավաճանություն։

Արևմուտքում Աղաբեկովը գրիչ է վերցրել ձեռքը և հրատարակել «OGPU: The Russian Secret Terror» (Միացյալ պետական քաղաքական վարչություն. ռուսական գաղտնի ահաբեկչությունը) գիրքը։ Բանն այն չէ, որ դրանից հետո շատ գաղտնիքներ ջրի երես են դուրս եկել. դավաճանությունն այն է եղել, որ հրապարակումը հանգեցրել է Իրանում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում հարյուրավոր խորհրդային գործակալների ձերբակալությունների, ինչպես նաև Իրանի շահ Ռեզա Փահլավիի հետ ԽՍՀՄ հարաբերությունների կտրուկ սրացման։

Աղաբեկովի դավաճանությունն ուսումնասիրողները հակված են «cherchez la femme» (փնտրեք կնոջը) վարկածին։ Էլիզաբեթ Սթրիթերի առոգանությունը հենց այն է եղել, ինչ պետք է, բայց հետախույզին ցնցել է ոչ թե դա, այլ աղջկա գեղեցկությունը, որը դեռ 21 տարեկան չկար։ Տարիքային տարբերությունը 14 տարի է եղել։

Հետախույզը, որը հանուն Իզաբելի դավաճանել է յուրայիններին, չի կարողացել բավականաչափ գումար վաստակել գեղեցկուհու համար և մի անգամ տուն գալով` սեղանին գրություն է տեսել. «Ընդմիշտ հեռանում եմ Անգլիա։ Մի՛ փնտրիր ինձ»։

Ինչ է եղել Իզաբելի՞ հետ։ Վերադարձել է Անգլիա, դարձել մեքենագրուհի, 1949թ.–ին ընդունվել Արտաքին գործերի նախարարություն, դարձել դեսպանի անձնական քարտուղարը։ 1971թ.–ին 62 տարեկանում մահացել է Նյու Յորքում, որտեղ սղագրող է աշխատել ՄԱԿ–ին առընթեր անգլիական առաքելությունում։ Այդպես էլ չի ամուսնացել։

Աղաբեկովի մասին։ Մասնակցել է Հայոց ցեղասպանությունն իրագործողներից մեկի` Էնվեր փաշայի ոչնչացման գործողությանը։ Գտնվելով ներկա Տաջիկստանի տարածքում` Աղաբեկովը հետապնդել է նրան և սպանել։ 42 տարեկան Աղաբեկովը սպանության տարում արդեն Ֆրանսիայի քաղաքացի էր։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ է թաղված։