«20 մետր բարձրության վրա մեր ուղղությամբ կրակ բացեցին մեսերշմիտները». ի՞նչ է պատմում ալեզարդ պապիկը Հայրենական Մեծ պատերազմից
Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ալեզարդ պապիկը Արմենակ Ֆահրադյանն է, ով 16 տարեկան էր երբ սկսվեց պատերազմը: Տարիքի պատճառով նրան ռազմաճակատ տարան միայն 1943 թվականին։ Ալեզարդ վետերանը հիշում է, թե ինչպես էր ընկերների հետ տարբեր ծանրոցներ կապում, որպեսզի ռազմաճակատ ուղարկեին: Այդ գործին զուգահեռ նրանք աշխատում էին կոլխոզում և հասցնում դպրոց գնալ։
Հիշում եմ` ինչպես մեզ բանակ զորակոչեցին` Վանաձորի մոտ, որտեղ ես դիպուկահար էի, այնուհետև` արդեն 1943 թվականին, ուղարկեցին ռազմաճակատ։ Ծառայակիցների խմբի հետ Ավչալայով և Ստալինգրադով ապրանքատար վագոնով ինձ Ռժև ուղարկեցին։ Այդ ժամանակ մեզ տեղավորեցին մարշալ Բաղրամյանի վաշտում:
Արմենակ պապիկը ցավում է, որ զինվորական չդարձավ։ Նա հիշում է, թե ինչպես ընկերների հետ միասին ընկան մեսերշմիտների կրակի տակ։
Վետերանը պատմում է՝
Ցուրտ, բուք ու բորան, մինչև ծնկները ձյուն։ Ես և հինգ զինվոր փորձեցինք հասնել մեր ստորաբաժանում, երբ նկատեցինք, որ 20 մետր բարձրության վրա մեր ուղղությամբ կրակ բացեցին մեսերշմիտները:
Հենց այդ ժամանակ էլ ծանր վիրավորում է ստացել ու եթե չլիներ Արամայիս անունով զինվորը, նա հաստատ կզոհվեր :
Ինձ երեքուկես ժամ վիրահատում էին ռազմական հոսպիտալում, երբ ես նարկոզից դուրս եկա, միանգամից սկսեցի ուտել (ժպտում է):
Հոսպիտալներում բուժում ստանալուց հետո Արմենակ պապիկը միայն մի քանի ամիս անց վերադարձավ հայրենիք` Հայաստան։
Փաստորեն նա փրկվել է ռազմի դաշտում, այնտեղ, որտեղ շատերն ընկել էին։ Ողջ էր մնացել իր հոր` Ղուկասի պես, ով XX դարասկզբին Մուսալեռի ազատագրման կամավորական ջոկատներում էր կռվում։
Արդյունքում Օսմանյան կայսրության կառավարությունը թիկունքից դավաճանության հետևանքով շատ արագ հայտնաբերեց հայ կամավորներին. Ղուկասին 18 կամավորների հետ ձերբակալեցին։
Այդ առիթով հիշում է՝
Նրանց պետք է կախաղան հանեին, հորս` նույնպես։ Սակայն Եգիպտոսի առաջին վարչապետի և արտգործնախարարի որդի Պողոս Նուբար փաշան, տեղեկանալով իր հայրենակիցների մասին, կարողացավ նրանց հետ գնել ոսկե մետաղադրամներով, և մահապատիժը փոխարինվեց ազատազրկմամբ։ Միջնորդ դարձավ ավելի ուշ Հայոց ցեղասպանությունը կազմակերպած Ահմեդ Ջեմալ փաշան:
Փաստորեն Պողոս Նուբար փաշան փրկեց 18 բանտարկյալի` Ահմեդ Ջեմալի փաշայի միջնորդությամբ սուլթան Մեհմեդ V Ռեշադին վճարելով յուրաքանչյուր հայի քաշով ոսկի։ Ղուկասին և 18 կամավորներին դատապարտեցին 101 տարվա ազատազրկման։
Հայրս հաճախ հիշում էր, թե ինչպես էին նրանց կտտանքների ենթարկում, սակայն նա կարողացավ դիմանալ դրանց և անգլիական ու ֆրանսիական զորքերի կողմից Սիրիայի ազատագրման համատեղ գործողությունների ժամանակ նրան նույնպես ազատեցին բանտից:
Ղուկասը տուն վերադարձավ, սակայն ոչ ոքի ողջ չգտավ, նրան ասացին, որ ծնողներին, կնոջը և երեխաներին սպանել են։
Հայրս հետագայում ամուսնացավ մորս հետ, և նրանք յոթ երեխա ունեցան։ Նա մինչև կյանքի վերջը հիշում էր իր ընտանիքի մասին և հույս ուներ, որ նրանք գուցե ողջ են և կարողացել են փախչել ու փրկվել