Ինչու՞ են Կարսում քանդել Չարենցի տունը

Արևմտյան Հայաստան տուրեր կազմակերպող տուրիստական կազմակերպություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարս քաղաքում դեռևս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությնունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։

Ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում Կարսի բերդի ներքևի հատվածում գտնվող այդ շինություն՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի հիշատակին։ Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» հայտնի բանաստեղծության մեջ այդ տան մասին հիշատակումներ կան։

Չարենցը ծնվել և մեծացել է Կարսում՝ Կարսի բերդին հարակից ներկայումս Սուքափը կոչվող թաղամասում։ Հարկ է նշել, որ Կարսի կարոտը նրան ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում։

1915-ին հայկական կամավորական 6-րդ ջոկատի կազմում Չարենցը մասնակցել է թուրքերի դեմ մղվող կռիվներին։ Ականտես լինելով ցեղասպանության զարհուրելի տեսարաններին՝ մեծ պոետը այդ տպավորությունների ազդեցությամբ գրել է Հայոց մեծ եղեռնի մասին առաջին գրական ստեղծագործություններից մեկը հանդիսացող «Դանթեական առասպելը»։

Նա բազմաթիվ այլ մտավորականների հետ միասին դառնում է Խորհրդային իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների զոհ։ Տան քանդման հետ կապված մանրամասները դեռևս ճշտվում են։