«Ես տեսա, թե ինչպես երկու մորաքույրներիս սպանեցին հենց իմ աչքի առաջ». կոտորածը տեսած ՀԱՅՈՒՀԻՆ, ում պատմությունը հետաքրքրել է նույնիսկ ամերիկացիներին
Պատմաբան Էնթոնի Սլայդի վավերագրական ֆիլմը պատմում է 1915թ.–ի կոտորածների ժամանակ հրաշքով փրկված հայուհի Ավրորա Մարդիգանյանի մասին, ով հայտնի է նաև Արշալույս Մարտիկանյան անունով:

Արշալույսը ծնվել է Չմշկածագի Վարի թաղամասում բնակվող վաճառականի ընտանիքում։ Նա Մարտիկյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր։ Արշալույսի հայրը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ տանը կից ու քաղաքից դուրս գտնվող մեծ բերքատու այգիներ ու ցորենի արտ։ Նա զբաղվում էր նաև մետաքսագործությամբ՝ գունավոր մետաքս Ամերիկա արտահանելու նպատակով։Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի պատկերը «Հոշատված Հայաստան» գրքի շապիկի վրա:
Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր։ Երեխաներից ավագը Վահանն էր, ով դեռևս 1905 թ. տեղափոխվել էր ԱՄՆ՝ Լորենս։ Ավագ քույրը 17 տարեկան նշանված Լուսինեն էր։ Արշալույսը 14 տարեկան էր և հաճախում էր Չմշկածագի Մեսրոպյան վարժարանը։ Դպրոցն ավարտելուց հետո Արշալույսը պատրաստվում էր հաճախել նաև ջութակի դասերի։
Պահպանվել են Մարտիկյանների ընտանիքի երկու հազվագյուտ լուսանկարներ, որոնք ներկայացնում են բազմանդամ ընտանիքի անդամներին, այդ թվում մանկահասակ Արշալույսին։ Հրաշքով պահպանված լուսանկարները, ուղարկվել էին ԱՄՆ-ում բնակվող բարեկամներին մինչև ցեղասպանությունը։
Ավրորան պատմում է՝
Բոլորին տեղահան արեցին և չհասած անապատ` այրեցին, այդ թվում` մայրիկիս։ Ես դա չտեսա, բայց տեսա, թե ինչպես երկու մորաքույրներիս սպանեցին հենց իմ աչքի առաջ:
Թուրքերը բռնել էին նրա մազերից, իսկ նա խնդրում էր, որ չսպանեն իր հարազատներին։
Նրանք ասացին, որ վաղ թե ուշ ոչ մի ողջ հայ չի մնա` հայհոյելով մեզ և անվանելով գյավուրներ (անհավատներ)։ Նրանք ինձ մտրակով ծեծեցին, շատ ցավոտ էր:
1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված սովորական հայ աղջկա պատմությունը մինչև հիմա սրտեր է հուզում։ 20-րդ դարասկզբին Ավրորայի պատմությունը գրավել է նաև ամերիկացիներին: Հենց դրա հիման վրա էլ գրվեց «Հոշոտված Հայաստան» գիրքը, հետագայում գրքի մոտիվներով նկարահանվել «Հոգիների աճուրդ» ֆիլմը։ Ավրորան ֆիլմում խաղացել է իր իսկ դերը, իսկ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն` իր։ 2016թ.-ին ստեղծվել է Aurora մարդասիրական մրցանակը` ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի։