Այս ՀԱՅԻ անունը կապված է Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետ. կռահեցի՞ք՝ ում մասին է խոսքը

 Խոսքը ազատամարտիկ-հրամանատար, հասարակական գործիչ Արմենակ Մանասերի Արմենակյանի մասին է, ով ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում:

Արմենակի կյանքի գործը երկու բառերի մեջ կարելի է ամփոփել` Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ: Երկուսի մեջ էլ հսկայական իմաստ կա: Մեկում մեր ժողովրդի պատմության ու հոգևորի հանդեպ նրա ունեցած խոր հավատը, խոնարհումն ու սերն է, մյուսում` իր ժողովրդին ոսոխից պաշտպանելու, նրան պարտության մատնելու անսասան կամքը: 

Նա այն սակավաթիվ հավատավորներից էր, որ խորհրդային անաստվածության օրոք դրեց Նորքի ավերված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնաքարը. նախ՝ ճշտեց հնի տեղը, ապա որոշեց, որ, ինչ էլ լինի, պիտի վերականգնի, կառուցի մի նոր, ավելի վսեմաշուք տաճար: 1988թ. լինելով «Նորք-Մարաշ» հայրենակցական-բարեգործական միության նախագահը` Արմենակը իրականացրեց Սուրբ Աստվածածնի կառուցումը: Անձամբ մասնակցելով շինարարական աշխատանքին՝ եկեղեցու ամեն քարը դնելիս կնքեց մի նահատակի անունով:

1988թ. փետրվարյան փոթորկալից օրերին նա դարձյալ այն քչերից էր, որոնք քաջ գիտակցում էին, որ Արցախյան շարժումն անխուսափելիորեն հանգեցնելու է զինված պայքարի, որին ինքը վաղուց հոգեպես պատրաստ էր…

«Նորք» ջոկատը 1989-90թթ. նոր-նոր ստեղծվող առաջին կամավորական ջոկատներից էր, որը կազմավորեց և մարտի դաշտ առաջնորդեց Արմենակը: Ամիսներ անց պատերազմ մեկնելուց առաջ նա և իր ջոկատի տղաները երդվեցին հավատարիմ մնալ նախնյաց մարտական ավանդներին ու վերադառնալ միայն հաղթանակով. որոշվեց, որ հայրենիքի համար զոհված առաջին նորքեցու շիրիմը կամփոփվի եկեղեցու բակում: Ի՞նչ իմանար, որ ճակատագիրը իր համար էլ է տեղ նախապատրաստել այնտեղ…

1990թ. «Նորք» կամավորական ջոկատն ընդգրկվում է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմում: 1992-ին, գնդի ռազմական խորհրդի (նախագահ` Խաչիկ Գալստյան, փոխնախագահ` Վլադիմիր Առաքելյան) որոշմամբ՝ Արմենակ Արմենակյանը նշանակվում է «Մեծն Տիգրանի» հրամանատար: Զինակիցների վկայությամբ, նա անփոխարինելի հրամանատար էր: Ամեն ինչ սիրում էր ամբողջության մեջ տեսնել և մարտական գործողություններին նախապատրաստվել հիմնավորապես: Եթե պլան չունենար, կռիվ չէր գնա: Ապշեցուցիչ դիտողունակություն և կանխազգալու հատկություն ուներ: Իր ծանր քաշով շատ թեթև էր քայլում և ոտքի տակ զգում էր ականը:

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հիմնադրման տարեթիվն ընդունված է համարել 1990թ. փետրվարի 15-ը: Այդ օրը Սիսիանի շրջանի Սոֆլու գյուղում 200 ազատամարտիկների ներկայությամբ ընդունվեց գնդի հռչակագիրը: «Գնդի մարտական սուրբ դրոշի և Ավետարանի առաջ մարտիկները երդվեցին իրենց հոգևոր, մտավոր և ֆիզիկական կարողությունները, բարոյական և կամային հատկանիշները ծառայեցնել հայ ժողովրդի գոյապայքարի սուրբ գործին»: Դրանով սկսվեց և հետագայում ՀՀ սահմաններով ու Արցախ աշխարհի տարբեր շեներով ու քաղաքներով շարունակվեց աշխարհազորային փառապանծ գնդի մարտական ուղին՝ Կոռնիձոր, Երասխ, Բարձրունի, Շուռնուխ, Պառավաքար, Շահումյան, Լաչին, Մարտակերտ, Ղուբաթլու, Քարվաճառ, Եղնիկներ: Արցախյան ռազմաբեմի որ կետում ասես չի ծածանվել «Մեծն Տիգրանի» մարտական դրոշը: Գրքեր կարելի է գրել ոչ միայն աշխարհազորային այս գնդի, այլ նաև նրա փառքը իրենց արյամբ սրբագործած հերոսների` Տիգրանների, Գուսանի, Դևի, Սոսի, Կամոյի, Ժորայի, Գնդապետի (Դնեպրիկ Բաղդասարյան) և էլի շատ ուրիշների մասին:

Հերոս ազատամարտիկը զոհվել է ՀՀ Աժ դահլիճում 1999թականի հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ: Այդ ժամանակ նա 43 տարեկան էր: