«Բան չմնաց, մա՜մ ջան, տղեդ հետ ա գալու». Առինջում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված ՎԱՀԵ ԱԴՅԱՆԻՆ նվիրված հուշ-երեկոն

Կոտայքի մարզի Առինջ համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած առինջեցի Վահե Ադյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո:

Երբ բեմից հնչում էր 18-ամյա լեգենդ դարձած Վահեի անունը, դահլիճը  ծափողջույններով էր արձագանքում: Վահեի մայրը իր շնորհակալանքի խոսքն ուղղեց հերոսածին մայրերին,  առինջեցիներին, իսկ դահլիճում ներկա գտնվողները ասում էին. «Քեզ բացակա չենք դնի: Դու բարձր ես պահել ոչ միայն առինջեցու,  այլև հայի պատիվը»:

Վահե Ադյանը ծնվել է 11.12.2001 թ․-ին։ Աշխույժ, կենսախինդ ու ժպտերես Վահեն մանկուց էլ բոլորին ուրախություն ու ժպիտ պարգևող էր։ Իր հրապուրիչ արտաքինով, դերասանական հմտություններով ու ճարպկությամբ միշտ ուշադրության կենտրոնում էր հայտնվում։ Նա միշտ կյանքով լեցուն էր. կյանքը սիրում էր այնպես, ինչպես կյանքն էր իրեն սիրում։

18 տարվա այդքան կարճ ժամանակում այնքան լի ու հագեցած կյանք էր ապրել՝ վայելելով ամեն պահն ու վայրկյանը։ Նա ծնվել էր արտիստ դառնալու համար, ասում էր . «Բեմն ինձ է սպասում»: Ընտանիքի երկրորդ զավակն էր՝ կրտսերը։ Ավագ եղբայրըն Ապրիլյան պատերազմի մասնակից է։ Դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ Վահեի վրա։ Նա ամբողջությամբ ներգրավվել էր բանակի, պատերազմի, հայրենիքի ու հայրենասիրության թեմաների մեջ։

Այդ գաղափարներն իր հետ ամենուր էին՝ դպրոցում, բեմում, ներկայացումներում։ Դեռևս զինվոր չդարձած՝ զինվորի համազգեստը հոգեհարազատ էր դարձրել իրեն՝ կերտելով բազմաթիվ զինվորական կերպարներ, երգելով զինվորական երգեր։ Նույնիսկ բանաստեղծություններ էր գրում հայրենիքին նվիրված՝ «Այն ինչ հիշվում է, երբեք չի կարող անցյալ համարվել»:

Սիրում ու սպասում էր զինվոր դառնալուն ու դարձավ ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐ…

2020թ․ հունվարին զորակոչվում է բանակ՝ Ջաբրայիլի շրջան։ Ծառայության մեկ տարին չլրացած, սկսվում է 44-օրյա պատերազմը։ Վախի ու կյանքի մասին մոռացած ավելի քան մեկ ամիս պայքարում է հայրենիքի համար՝ գործելով բազմաթիվ սխրանքներ։

Սակայն պատերազմի մոտալուտ ավարտին՝ հոկտեմբերի 30-ին, Մարտունի 2-ի Սոս գյուղում հայրենիքի համար մղած պայքարում Վահեն և իր զինակից ընկերները հերոսաբար զոհվում ե

Վահե Ադյանն իր ունեցած մարտական բարձր ոգու, կատարած սխրագործությունների ու անձնուրաց պայքարի համար հետամահու պարգևատրվում է «Արիության մեդալով»: