«Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի: Ինչքան կարելի է չխրատվել». ինչի՞ մասին է խոսքը և ո՞վ է ասել

1989 թվականին հրապարակված Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածից մի հատված̀.

«Եթե մենք հենց հիմա և միշտ մեզ մենակ պատկերացնենք մեր հարևանների դեմ հանդիման, եթե միայն այդպես պատկերացնենք, շատ բան կփոխվի մեզանում, մեր հարևանների հետ անմիջականորեն, երկուստեք խաղաղության եզրեր գտնելու մասին կմտածենք և ոչ թե անպտուղ հայհոյանքներ կտեղանք նրանց հասցեին։ Եվ կպատրաստվենք ազգային պետություն ունենալուն։ Պատրաստ կլինենք…

Դաշնակիցը նա է, ում շահերը մերի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, և դաշնակից կունենանք այն դեպքում, եթե մենք ինքնուրույն ուժ լինենք։ Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը օգնական է (ոչ թե փրկություն)։ Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի։

Մինչդեռ մենք, ինչպես ասացի, ազգովին, մեր մտքում, մեր բնազդով չենք կարողանում բացառել ռուսի օգնությունը, ապավինում ենք նրան, մեր հարևաններին հայհոյում ենք, մեր ծրագրերը կազմում հենց այդ օգնության վրա հույս դնելով։ Սա վերաբերում է նաև Հայաստանում ստեղծված ոչ պաշտոնական կազմակերպություններին և հայ ազգային կուսակցություններին։

Խնդրեմ՝ դաշնակցությունը, այսօր իր ամբողջ գործունեությունն առաջ է տանում երրորդ ուժին ապավինած։ Նրա ղեկավարներից մեկը՝ պարոն Սարուխանյանը իմ կարդացած մի հարցազրույցում հայտարարել է, որ հայոց հողերի պարտատերը Խորհրդային Միությունն է, այսինքն՝ Ռուսաստանը (կրկնեմ, որ Ռուսաստանը երբեք միտք չի ունեցել և այսօր էլ միտք չունի հայերին վերադարձնել նրանց պատմական հողերը)։ նույն դաշնակցությունն է, որ մի այլ երրորդ ուժի՝ Արևմուտքի պետությունների ու ՄԱԿ֊ի դռներն է ծեծում, որ ճանաչեն հայերի ցեղասպանությունը (իսկ դա անօգուտ, պարապ զբաղմունք է)։

Rafael Ishkhanyan on the Historically Criminal Russian Policy Towards  Armenians - Art-A-Tsolum

Դաշնակցական մի ղեկավարի հետ զրուցում էի։ Ասաց.

— Ոչ, Թուրքիայի հետ երկխոսությունն անիմաստ է և հանցավոր։ Թուրքիան մեր վերաբերմամբ մի նպատակ ունի ոչնչացնել։

— Այս դեպքում ձեր ծրագրում ինչո՞ւ եք ձեր նպատակը համարում Միացյալ անկախ Հայաստանը, եթե կարծում եք, որ անկախ Հայաստան Թուրքիայի հարևանությամբ գոյություն ունենալ չի կարող։

— Որևէ երրորդ ուժ մեզ պետք է սատար լինի։ Օրինակ, Ռուսաստանը։

— Բայց դուք ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կհանդուրժի անկախ Հայաստան և դեռ կսատարի նրան։

— Ուրիշ ելք չունենք։ Հետո մեր առաջին գործը մեր հողերը վերցնելը պետք է լինի։

— Բայց աշխարհում ամեն ինչ փոխվում է, այստեղ հռոմեացիներ կային, գնացին, բյուզանդացիներ կային, գնացին։ Չէ՞ որ հնարավոր է, որ մի օր էլ Ռուսաստանը գնա Կովկասից։ Ի՞նչ պիտի անենք։

— Ուրիշ հովանավոր կգտնենք։

— Ո՞ւմ։ Պատասխան չկա։

— Եվ ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կամ մի ուրիշը Թուրքիայից պետք է մեր հողերը խլի ու տա մեզ։ Սա ո՞վ է ձեզ սովորեցրել։ Հարցրեք Ռուսաստանին, տեսեք ինչ է ասում։

— Միևնույն է, մենք առանց որևէ հզոր պետության օգնության չենք գոյատևի, ոչնչի չենք հասնի։

— Եթե այս հողում մենք թուրքերի հարևանությամբ ինքնուրույն ապրել չենք կարող, ուրեմն պետք է ամբողջ հայությունը պատրաստ լինի ռուսների հետ իր հայրենիքը լքելու։ Ահա թե դուք ինչ եք քարոզում։ Ես կարծում եմ, մենք պետք է մտածենք այս շրջապատում Հայաստանը պահելու, ոչ թե այն վերջնականապես քանդելու մասին։

Ռուսաստանից հիասթափվում են ու հայհոյում։ Բայց ինչո՞ւ եք հույսեր կապել, ո՞վ է ձեզ ասել, թե Ռուսաստանը հայերի փրկիչն է։ Ռուսաստանը՝ ինքը այդպիսի բան չի ասել։ Այդ դուք եք հնարել, սիրելի հայրենակիցներ և դուք էլ հույսեր եք կապել Ռուսաստանի հետ ու հիմա էլ հիասթափվում եք։

Պետք է արդար լինել, այս 300 տարի է Ռուսաստանի ղեկավարները մեզ ասում են՝ «Հայեր, ձեր և մուսուլմանների վեճերի ժամանակ մենք ձեզ չենք պաշտպանելու» և գործնականորեն էլ ապացուցում են իրենց այդ դիրքը։ Մենք աներեսի նման նորից հույս ենք կապում, որ Ռուսաստանը վերջապես մեր կողմը կանցնի ընդդեմ մեր հարևան մուսուլմանների։ Եվ այս 300 տարի է նաև խրատում ենք ռուսներին, թե գիտեք մուսուլմանները վատն են, նաև ձեզ են թշնամի, մենք՝ հայերս լավն ենք, մեզ պաշտպանեցեք…

Ռուսական պետությունը շատ է փորձված, իր շահերը լավ է հասկանում, մենք՝ անպետական, մեր պետական մտածողությունը կորցրած հայերս չէ, որ նրան պետք է սովորեցնենք։ «Քեմալը Լենինին խաբեց», «Ադրբեջանցիները կաշառել են Կրեմլին», «Քաղբյուրոյի անդամների կանայք կամ խնամիները թաթար են և թուրք, դրա համար մեզ չեն պաշտպանում»,— այսպիսի տհաս, ուղղակի տխմար մտքեր են արծարծում շատ ու շատ հայեր։

Ոչ, սիրելիներ, Լենինը շատ լավ գիտեր՝ Քեմալն ով է, և իր երկրի շահերի տեսակետից միանգամայն ճիշտ քաղաքականություն էր վարում նրան ամեն կերպ օգնելով, մենք էինք հիմար, որ 1920 թ. լեզու չգտանք Քեմալի հետ և Կարսը կորցրինք։ Ադրբեջանցիներն էլ չեն կաշառել Կրեմլին, հանգիստ եղեք, Կրեմլն իր գիծն ունի, և դա բնավ հայերին հատկապես պաշտպանող գիծ չէ։ Եվ մեծագույն հիմարություն է թաթար ու թուրք կանանց կամ խնամիների հետ կապել հայերի կողմը չանցնելու ռուսական քաղաքականությունը։ Դա 300 տարվա պատմություն ունի։ Ինչո՞ւ եք դուք կարծում, որ իրենք՝ ռուսները մեր կողմը պետք է պահեն։ Ինչո՞ւ։ Սա ինչ անխելքություն է։

Երբ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանում էր, հանդիպեց հայ մտավորականության հետ։ Զ. Բալայանը ելույթ ունեցավ և կրկնեց նույն հին երգը՝ մահմեդականները, ադրբեջանցիները, թուրքերը շատ վատն են, մենք հայերս շատ լավն ենք, մեզ պաշտպանեք։ Պարոն Ռիժկովը սաստեց նրան. «Վերջացրեք, դուք չէ, որ մեզ պետք է սովորեցնեք, թե մենք ինչպես պետք է շարժվենք, կամ՝ ով է լավ, ով՝ վատ։ Մենք մեր անելիքը լավ գիտենք»։

Եվ նա իրավացի էր։ Բայց Զ. Բալայանին դա դաս չեղավ։ 1989 թ. Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում ռուսերեն իր ելույթի մեջ, դարձյալ ռուսներին դիմելով, նույնը կրկնեց թուրքերը վատն են, մենք՝ լավը, կա պանթուրքիզմ, ռուսներ, մեզ պաշտպանեք։ Եվ իհարկե, դարձյալ ապարդյուն։

Մարդ ամաչում է։ Ինչքան կարելի է չխրատվել։ Այդ մարդիկ ասում են՝ ոչ, դու նորից քոնն ես կրկնում»:

Դատողությունները թողնում ենք Ձեզ: Մեկ անգամ ևս մտածեք…