Աստված բոլորի՞ն է սիրում
Այս հարցն առաջանում է բոլոր մարդկանց մոտ այն դեպքերում, երբ հատկապես ինչ-որ մեղք են գործած լինում և կարծում, թե Աստված այլևս իրենց չի սիրում:
Սակայն նշենք, որ բնավ այդպես չէ: Աստված իրականում ոչ մի խտրություն չի դնում մարդկանց միջև: Աստված սեր է, քանի որ, ինչպես նշված է Սուրբ Գրքում, «Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա, անձրև է բերում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5:45): Աստծո համար չկա տարբերություն:

Սակայն մարդկանցից ո՞վ կարող է իրեն արդար համարել: Արդար է միայն Աստված՝ սա շատ հստակ է:
Մենք` բոլորս, մեղավոր մարդիկ ենք, և վայրը, որտեղ ապրում ենք մենք, Երկնքի Արքայությունը չէ: Աստծուց է, որ խնդրում ենք Երկնքի արքայությունը՝ որպես ամենաարդար մի վայր:
Արդարությունը մեզ համար երկու տեսակ է` արտաքին և ներքին: Արտաքին արդարությունը` ընկերային արդարություն է, որը հարաբերական է` պայմանավորված ներկա քաղաքակրթությամբ: Ներքին արդարությունը բաձարձակ արդարություն է, որը պայմանավորված է մարդու ներսում Աստծո արքայության առկայությամբ և Աստծո արդարությամբ, այսինքն` ներքին արդարությունը պայմանավորված է Աստված-մարդ փոխհարաբերությամբ, որտեղ և իրական, հավիտենական երջանկությունն է:
Սակայն հստակ իմանանք այն, որ Աստված սիրում է բոլորին, իսկ մեղավորներին ուղղորդում դեպի արդարությունը, այլ ոչ թե երես թեքում նրանցից: