Այս բերդի նույնիսկ գտնվելու վայրը քչերը գիտեն. ո՞ր պատմական կառույցի մասին է խոսքը

Մանթաշաբերդը, որին շատերը ծանոթ չեն, և որը երբեմն նաև անվանվում է Մանթաշ-կալա, Կալալ-կալա, ռազմական կառույց է Հայաստանի Տավուշի մարզի Իջևան  քաղաքից 7 կմ հարավ, Աղստև գետի աջ ափի անտառապատ լեռան գագաթին, շրջապատված է լայն, բրգավոր պարիսպներով։ Կառուցվել է Բագրատունիների ժամանակաշրջանում։

Ամրոցն ունի երկու մուտք, որոնց դռներ եղել են ամբողջական մեծ քարերից։ Լեռան անցանելի հատվածներն ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ՝ կլոր, փոքր անցքեր։ Պարսպապատերը սև քարից են, ամուր կրաշաղախով։ Ամրոցը կրկնահարկ է, սանդղավանդի ձևով, առաջին հարկը բավական ընդարձակ է, հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը՝ միջնաբերդը, այն ամրացված է պարսպապատերով, արևելյան կողմից ունի առանձին մուտք։ Միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածություն։ Հիմնական մուտքը բարձրավանդակի հարավարևմտյան անկյունից է, լեռնապարսպի արևելյան կողմից։ Ամրոցի երկու մասերում էլ նկատվում են կառույցների հիմնապատերը։