Այս ՀԱՅԸ այն եզակիներից էր, ով չորս անգամ անընդմեջ եղել է Թիֆլիսի քաղաքապետը. ճանաչենք հայազգի բարերարին

Խոսքը հայազգի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, բարերար, Թիֆլիսի քաղաքագլուխ Ալեքսանդր Մատինյանցի մասին է, ով ծնվել է 1843 թվականին Թիֆլիսում:

Սովորել է տեղի առաջին գիմնազիայում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1866 թվականին համալսարանն ավարտելուց հետո ևս մեկ տարի Մոսկվայի շրջանային դատախազի մոտ անցել է գործնական փորձաշրջան։ 1867 թվականի վերջին գործուղվել է Քութայիսի նահանգ՝ Քութայիսի և Շորապանի գավառային գործերը կարգավորելու առաջադրանքով:

1868 թվականին ներդրված դատական բարեփոխումից հետո Մատինյանը նշանակվել է Թիֆլիսի երկրորդ քաղաքամասի հաշտարար դատավորի օգնական, որտեղ երկու տարի աշխատել է որպես դատաքննիչ:

Ալեքսանդրն այն եզակի անձն է, ով չորս անգամ անընդմեջ ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ: Չորրորդ անգամ ընտրվել է քաղաքագլուխ է ընտրվել 1891 թվականի հունվարի 13-ին, սակայն վերջին քառամյակը Ալեքսանդր Մատինյանն ամբողջությամբ չպաշտոնավարեց և նույն թվականի մարտի 1-ին իր հրաժարականը ներկայացրեց Թիֆլիսի նահանգապետին: Ըստայդ ժամանակվա մամուլի հայ բարերարի հրժարականը պայմանավորված էր նրանով, որ վերջինս հոգնել էր ռուս-վրացական ընդդիմությունից, որը բացի անիմաստ քննադատելուց ուրիշ ոչ մի հարց չէր լուծում։

Նրա ղեկավարման տարիներին Թիֆլիսում կատարվում են բազմաթիվ կարևոր աշխատանքներ, այդ թվում՝ ջրամուղու, կամուրջների, սպանդանոցի, ձիաքարշի, հեռախոսի, քաղաքային տան կառուցում:

Ալեքսանդր Մատինյանի գործուն նախաձեռնությամբ և որոշումով է 1880 թվականին նախագծվեց և կառուցվեց «Քաղաքային տունը», որն այժմ հանդիսանում է Թբիլիսիի քաղաքապետարանի շենքը։

Ի դեպ, Ալեքսանդր Մատինյանի պաշտոնավարման տարիներին Թիֆլիսը համալրվել է բազմաթիվ հասարակական, կրթական, արդյունաբերական և տնտեսական նշանակության հաստատություններով։

Ալեքսանդր Մատինյանը մահացել է 66 տարեկան հասակում՝ Փարիզում: Հայ բարերարը երեխաներ չի ունեցել: Աճյունը Փարիզից փոխադրվել է Թիֆլիս և հոգևոր իշխանությունների թույլտվությամբ սեպտեմբերի 27-ին ամփոփվել Թիֆլիսի հայկական վանքում, սակայն ազգությամբ վրացի Լավրենտի Բերան հրամայում է ոչնչացնել Թիֆլիսի հայոց վանքը, որի արդյունքում Ա.Մատինյանի աճյունի ճակատագիրը այդպես էլ անհայտ է մնում:

Գերեզմանատունը ոչնչացման ժամանակ

Մահվանից հետո Ալեքսանդր Մատինյանի ողջ կարողությունը վերջինիս կտակի համաձայն փոխանցվում է Թիֆլիսի քաղաքային բյուջեին: Նա կտակը կազմել էր իր մահվանից ամիսներ առաջ և 1908 թվականի վերջին քաղաքային խորհրդին էր ուղարկել հետևյալ մակագրությամբ. «Իմ կտակս. բացել իմ մահից յետոյ. Մատինեան»։ Ժամանակի հայկական, վրացական, ռուսական մամուլը գովասանքի և զարմանքի խոսքեր է գրել Ալեքսանդր Մատինյանի բարեգործության մասին։

1914 թվականի մամուլից հայտնի է դարձել, որ հանգուցյալի հիշատակը հավերժացնելու նպատակով Քաղաքային խորհուրդը վճռել էր հատուկ ծառայությունների և քաղաքին ցուցաբերած հատուկ նվիրատվության համար Ալեքսանդր Մատինյանին նվիրված հուշարձան կանգնեցնել՝ այդ նպատակի համար սահմանելով 10.000 ռուբլի ծախս: Նույն թվականին, երբ Թիֆլիսը նշում էր քաղաքային ինքնավարության քառասունամյակը (1874-1914), առավել ջերմ ու ընդարձակ հիշատակի խոսքը ուղղված էր հենց Ալեքսանդր Մատինյանին: