Հայ մեծ հանճարի կտավները գրավել են ողջ աշխարհի ուշադրությունը։ Ռեկորդային ցուցահանդեսի հետքերով

Նկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսն այցելուների թվով գերազանցել է Մոսկվայում Սերովի ցուցահանդեսի ժամանակ գրանցված ռեկորդը։

Նրա ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը  Տրետյակովյան պատկերասրահի ամենաշատ այցելուներ ունեցած ցուցահանդեսներից է եղել։ 2016 թվականին նկարչի գործերը տեսնելու էր եկել ավելի քան 600 հազար մարդ։

Այվազովսկու հետահայաց ցուցադրության առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ այցելուների հետաքրքրությունն այս ցուցահանդեսի նկատմամբ ավելի բարձր է, քան Վալենտին Սերովի աշխատանքների ցուցահանդեսի հանդեպ։

Թանգարանին հաջողվեց զանգվածային այցերի բազմաթիվ բացասական հետևանքներից խուսափել նորարարությունների շնորհիվ։ Այվազովսկու ցուցահանդեսին առաջին անգամ թանգարանի պրակտիկայում այն սեանսներով դիտելու համակարգ էր մշակվել, ինչպես նաև կիրառվել էր տոմսերի նախնական վաճառքի համակարգ կայքերում և թանգարանի դրամարկղերում։

Պատկերասրահի տվյալներով` ցուցահանդես է այցելել 598 832 մարդ, այն դեպքում, երբ Սերովի ցուցահանդես այցելել է շուրջ 486 հազար մարդ։ Միաժամանակ Տրետյակովյան պատկերասրահում նախատեսում են վերլուծել ցուցահանդեսի աշխատանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Մասնավորապես` խոսքը տոմսերի վաճառքի հետ կապված չարաշահումների մասին է, այդ պատճառով 2017 թվականի հունվարից թանգարանում անվանական տոմսերի վաճառք է մտցվում։