«Ես հասկանում եմ նրա արարքը և հասկանում եմ ձեր վիշտը». ի՞նչ էր արել չեխ տղան, որ Շառլ Ազնավուրը չեղյալ հայտարարեց իր համերգը Պրահայում

1969թ. հունվարին ուսանող Յան Պալահի ինքնահրկիզումը ցնցեց Չեխիան և ողջ Եվրոպան։ Այս օրերին սգո և շփոթության օրերին ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը ժամանել էր Պրահա՝ համերգ տալու։ Իմանալով տեղի ունեցածի մասին՝ Ազնավուրն անմիջապես չեղյալ է հայտարարել համերգն ու մեկնել հարգանքի տուրք մատուցելու Յան Պալահի հիշատակին։

Ֆրանսիացի երգչին Պրահայում ուղեկցել է լուսանկարիչ Պավել Վախան։ Լուսանկարիչը հարցազրույցում կիսվել է հիշողություններով։

«Պատմությունը սկսվել է Յան Պալահի սարսափելի ժեստով, որը մեզ այնքան է ցնցել։ Մաքուր պատահականությամբ այդ օրերին Պրահայում պետք է տեղի ունենար ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի համերգը։ Համերգը նախատեսված էր Յան Պալահի հուղարկավորության օրը։ Ազնավուրը Պրահայում վայրէջք կատարեց Յան Պալահի մահից անմիջապես մի քանի ժամ անց:

CultureCZ on Twitter: "January 16,1969 #Czech student Jan #Palach commits  suicide by self-immolation in #Prague, #Czechoslovakia, in protest against  the Soviets' crushing of the Prague Spring the year before @HISTORY  @Pametnaroda @nytimes @

Այդ ժամանակ ես աշխատում էի «Մելոդի» ամսագրում, և մենք ռեպորտաժ կազմակերպեցինք համերգի կազմակերպիչների հետ։ Մենք գնացինք դիմավորելու Ազնավուրին օդանավակայանում և անմիջապես տեղեկացրինք, թե ինչ է տեղի ունեցել։ Պետք է ասել, որ գործակալությունը, որը կազմակերպել էր համերգը և Ազնավուրի ողջ ուղևորությունը Պրահա, ցանկացել է նրանից թաքցնել այդ տեղեկությունը։

Լուրը շատ ցնցեց Շառլ Ազնավուրին։ Երեկոյան կրկին հանդիպեցինք հյուրանոցում։ Նա պետք է հանդիպեր Օլիմպիական խաղերի Չեխիայի չեմպիոն, մարզիկ Էմիլ Զատոպեկի հետ։ Բայց այդ երեկո մենք շատ քիչ էինք խոսում սպորտի մասին։ Հանդիպումն այնքան զգացմունքային էր, որ Շառլ Ազնավուրը վերջում զանգահարեց իր գործակալին և վճռականորեն խնդրեց հաջորդ օրը չեղյալ հայտարարել համերգը։

Գործակալը, բնականաբար, չեղարկեց համերգը, և հաջորդ առավոտ մենք Ազնավուրին ուղեկցեցինք Պրահայով շրջելու։ Մենք սկսեցինք այն վայրից, որտեղ Յան Պալահը ինքնահրկիզվել էր, Վացլավյան հրապարակի վերին մասում՝ ազգային թանգարանի հարևանությամբ։

Այն ժամանակ Պրահայի բոլոր բնակիչները, բոլոր չեխերը շատ զգացմունքային էին այդ կապակցությամբ։ Բայց ամենից շատ ես հիշում եմ լռությունը Պրահայում: Պարոն Ազնավուրի համար դա էլ շոկ դարձավ։ Մենք այցելեցինք քաղաքի բոլոր վայրերը, որտեղ Պրահայի բնակիչները հարգեցին Յան Պալահի հիշատակը։ Ես պետք է խոստովանեմ, որ մենք մի քիչ հերթից առաջ էինք գնում, որովհետև Շառլ Ազնավուրն ընդամենը մեկ օրով էր եկել Պրահայ: Նա շատ էր շտապում։

Մենք գնացինք օդանավակայան և շարունակեցինք խոսակցությունը։ «Ես հասկանում եմ Յան Պալահի արարքը և հասկանում եմ ձեր վիշտը: Ես հասկանում եմ: Գիտեք, ես ծնվել եմ Փարիզում, բայց ես հայ եմ, մեր ժողովուրդն ունի իր ծանր ու դաժան պատմական փորձը»։