Գեղարքունիքի մարզի միջնադարյան նշանավոր հուշարձաններից մեկը՝ Կոթավանք

Կոթավանքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Հենց այդ Հայկազուն իշխաններն էլ կառուցել են Կոթավանքը որպես տոհմական դամբարան։

Կոթավանքը կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 9-րդ դարի վերջին։ Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը՝ Սյունիքի տեր Վասակ Սյունու և Հայոց թագավոր Աշոտ Բագրատունու աղջկա՝ Մարիամի որդին։

Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում կա 121 խաչքար, որոնցից ամենահինը պատկանում է 9-րդ դարի սկզբին: Այն միջնադարյան Հայաստանի արժեքավոր հուշարձաններից է, որը ցավոք, մեր օրերն է հասել կիսավեր վիճակում։ Սակայն այն այժմ վերականգնվում է։

Կոթավանքի կառուցման վերաբերյալ 13-րդ դարի նշանավոր պատմագիր Ս. Օրբելյանը իր «Սյունիքի պատմություն» գրքում գրում է. .«…Մարիամր կառուցում է Սևանի եկեղեցիները, հետո էլ Շողվագինը, իսկ Սուփանը շինում է հոգևոր հոտի զարմանակերտ փարախը Կոթ գյուղաքաղաքում Սուրբ Աստվածածին անունով, պարսպապատում է ահագին վեմերով, զարդարում մեծամեծ սպասքներով ու նրա մեջ կրոնավոր-սպասավորների դասեր է նշանակում»։