Դպրոց կառուցելու նպատակով քանդեցին Թիֆլիսում գտնվող այս ՀԱՅԿԱԿԱՆ վանքը. գիտե՞ք՝ ինչ վանքի մասին է խոսքը

Խոսքը Թբիլիսի քաղաքի Տափիթաղ թաղամասում գտնվող Թբիլիսիի հայոց վանքի մասին է, որը հայտնի է նաև Հարանց վանք կամ  Պաշավանք անուններով:

 Ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ վանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 4-րդ դարում, իսկ բուն վանքը հիմնադրվել է 931 թվականին Ումեկի որդիներ Առյուծի, Սուջաթի և Ջալապի կողմից:

Վանական համալիրը կազմված է եղել եկեղեցուց, զանգակատնից, մատուռից, թանգարանից, առաջնորդարանից, որոնք շրջապատված են եղել պարսպով։ Եկեղեցին եռանավ բազիլիկա էր, երեք գմբեթով, որոնցից կենտրոնականը ամենաբարձրն էր։ Ներսից պատերին առկա են եղել որմնանկարներ, որոնց վերին շերտը 1789 թվականին նկարել է Հովնաթան Հովնաթանյանը։ Ուներ քիչ հանդիպող հետաքրքիր հորինվածք։ Նմանեցվել է ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահինի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից 1211 թվականին կառուցված գավթի ճարտարապետական հորինվածքին:

Բազմադարյա պատմության ընթացքում վանքը ենթարկվել է բազմաթիվ նորոգությունների և վերակառուցումների։

1938 թվականին Վրացական ԽՍՀ-ի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Լավրենտի Բերիան հրամայում է ոչնչացնել Թիֆլիսի հայոց վանքը: Հայերի ընվզումներից խուսափելու նպատակով՝ վանքը քանդում են գիշերով: Քանդման ժամանակ թալանվում են այնտեղ եղած արժեքավոր պատմական իրերը։ Թալանվում և ոչնչացվում են նաև վանքի բակում գտնվող հայազգի ականավոր հասարակական, մշակութային, քաղաքական, պետական, ռազմական գործիչների գերեզմանները Ականատեսների պատմելով՝ վանքի բակում թաղված հայ ականավոր թատերագիր և տոհմիկ թիֆլիսցի Գաբրիել Սունդուկյանի աճյունը թալանվելուց հետո քաղաքի հայ բնակչության շնորհիվ տեղափոխվում է Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատուն։ Տեղափոխելուց առաջ դիակն արդեն վնասվել էր. գողացել էին նույնիսկ Սունդուկյանի հագի հայտնի ճտքակոշիկները:

Վանքը ոչնչացման ընթացքում

Վանքի ոչնչացումից հետո տեղում կառուցվեց այսօր գործող թիվ 104 դպրոց: Ներկայումս կանգուն է միայն զանգակատունը, որը գտնվում է դպրոցի բակում՝ շրջապատված քարե և երկաթյա պատնեշով։ Հարակից շինություններում նկատելի են վանքի կառույցների որոշ հատվածներ:

Զանգակատունը, որը մինչ օրս կանգուն է