Ինչու՞ է Հայաստանում արգելված կուսանոցներ բացելը

Նախկինում կուսանոցներում փակվող աղջիկները ցանկանում էին իրենց կյանքը նվիրել Աստծուն ու վանական կյանքին։ Հիմա, Հայաստանում կուսանոցներ չկան ու այդ փաստը պետքէ շատերին ուրախացնի, քանի որ մայրաքաղաքի փողոցներում հազարավոր կենսախինդ աղջիկների ներկայությունը առաջին իսկ պահից պիտի որ ցրի յուրաքանչյուր միտք, որը կառնչվի Հայաստանում կուսանոցներ հիմնելու անհրաժեշտությանը։

Պատմության մեջ չխճճվելու համար ասենք միայն, որ Հայաստանում առաջին կուսանոցները հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը, իսկ 4-րդ դարում երկրի համարյա բոլոր գավառներում դրանք կային։ Այլ խոսքով, երեւույթը հայերիս համար առավել քան նոր չէ։ Իսկ ավագ հոգեւորականները հիշում են նաեւ, որ նույնիսկ 50-ական թվականներին դեռ կային մի խումբ մայրեր, որոնք եկել էին Վրաստանից եւ Հայաստանի կրոնական կառույցներին կից իրենց ծառայությունն էին մատուցում։

kusanoc

Դժվար է այսօր երեւակայել, որ վերստին կգտնվեն կանայք, որոնք կուսակրոն կյանքին հավատարմության երդում կտան, կկտրեն իրենց մազերը, կընդունեն նոր անուն եւ կդառնան Աստծո ստրուկը՝ քարոզելով բարեպաշտություն, լինելով գթության քույրեր, տարածելով հավատք եւ փախուստ տալով իրական կյանքից։ Սակայն փաստերը հակառակն են ասում։ Չի բացառվում, որ բոլորովին մոտ ժամանակներս Հայաստանում ունենանք առաջին կուսանոցը։ Հայ առաքելական եկեղեցին արդեն մի քանի տարի շարունակ լրջորեն մտորում է այդ մասին եւ նույնիսկ գործնական քայլեր է ձեռնարկել։