Հայաստանին 2,5 միլիոն դոլար տրամադրած հայուհու պատմությունը

Շեր, իսկական անունը՝ Շերիլին Սարգիսյան ԼաՊիեր Բոնո Ալմեն, ամերիկահայ փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր։ Հաճախ կոչում էին «Փոփի աստվածուհի»։ Ունի մեկական Օսկար, Գրեմմի, Էմմի, երեք Ոսկե Գլոբուս և զանազան ուրիշ մրցանակներ։ Շերն ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, որի երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը։

 Շերիլին Սարգիսյանը ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին Էլ Սենթրո քաղաքում (Կալիֆորնիա)։ Հայրը՝ Ջոն Փոլ (Կարապետ) Սարգիսյանը, բեռնատարի ամերիկահայ վարորդ էր։ Մայրը՝ Ջորջիա Հոլթ, դերասանուհի էր, որը բնիկ ամերիկյան, անգլիական և ֆրանսիական ծագում ուներ։ Երբ Շերը ծնվեց, ծնողներն ամուսնալուծված էին. նա առաջին անգամ տեսավ հորը տասնմեկ տարեկանում։

Շերի առաջին սոլո ձայնագրությունը «Ringo, I Love You»-ն էր 1964 թվականին Բոննի Ջո Մեյսոն կեղծանունով, քանի որ Սպեկտորը կարծում էր, որ Շերիլին անունը բավարար «ամերիկյան» չէ։ Շերը բազմիցս է խոսել իր հայկական արմատների մասին և շատ անգամներ պատմել էր Հայոց ցեղասպանության և իր տատիկի պատմության մասին:

Շերը Հայաստան այցելել է 1993 թվականի ապրիլի 28-ին։ Նա իր հետ բերել էր 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ։ Այցելել է մանկատներ, մանկական հիվանդանոցներ։ Տեսնելով հիվանդ երեխաներին՝ Շերը ծանր տպավորությունների պատճառով հրաժարվել է նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելուց։